Վարչապետ. 2016-2017-ին տնտեսվարողների սնանկության 2100-ից ավելի վարույթ կա

Վարչապետ. 2016-2017-ին տնտեսվարողների սնանկության 2100-ից ավելի վարույթ կա

PanARMENIAN.Net - 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից մոտ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով սնանկության 2100ից ավելի վարույթ կա: Ուսումնասիրությունների արդյունքները կառավարության մայիսի 25-ի նիստում ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին:

«Չնայած, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»,- մեջբերում է A1plus.am-ը:

Վարչապետի կարծիքով՝ խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված:

Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՊԵԿ նախագահին 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի գործիքակազմ:

Երկրորդ կետով Կարապետյանը հանձնարարել է այս առաջարկները ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Վարչապետի հանձնարարականով՝ նաև փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն «Սնանկության» մասին օրենքում: Կուսումնասիրվի նաև ԴԱՀԿ-ի կողմից հարկային վարույթի տևողության և այլ գործնական օրենսդրական խոչընդոտները ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկներ կներկայացվի Կառավարության աշխատակազմ. «Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---