ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել թուրքերի բռնությունը Վաշինգտոնում դատապարտող օրինագիծը

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել թուրքերի բռնությունը Վաշինգտոնում դատապարտող օրինագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է թիվ 354 բանաձևի նախագիծը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»:

Նախագիծը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Նախագծում նշվում է. «Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ «թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) վրա հղումով:

Բացի այդ, ինչպես ասված է նախագծում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության 3-րդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից:

Բանաձևում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, որն ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ նախագիծը շեշտում է, որ «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես, օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:

ԱՀՀ-ը երախտագիտություն է հայտնել չորս կոնգրեսականներին երկկուսակցական օրինագծի ներկայացնելու համար:

Բացի այդ, 28 կոնգրեսական ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ է ստորագրել՝ վերջինիս կոչ անելով «հրապարակավ դատապարտել այս գործողությունները և որ նույնքան կարևոր է՝ ապահովել, որ այդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»:

Ավելի վաղ ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Փեթրիք Լեյհին (դեմոկրատ, Վերմոնթ) նամակ էին հղել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին, որտեղ մասնավորապես ասվում է. «Տեղական իրավապահ մարմիններին հորդորում ենք դատական գործ հարուցել այս հարձակումն իրականացնողների դեմ օրենքի լիակատար սահմանմամբ և աջակցել ներգրավված ցանկացած դիվանագիտական անձնակազմի արտաքսմանը Միացյալ Նահանգներից»: Այլ սենատորներ և կոնգրեսականներ ևս հանդես են եկել այս հարձակումները դատապարտող հայտարարություններով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։

Ընթերցեք նաև. Վաշինգտոնում տուժած ցուցարարների թվում է նաև Քյարամ Սլոյանի հարազատը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---