Անկարան մերժել է Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող ԱՄՆ բանաձևը

Անկարան մերժել է Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող ԱՄՆ բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել: Թուրքիան միակողմանի է անվանել կոմիտեի բանաձևը: Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հյուսեյն Մյուֆթուօղլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։

Մայիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել էր թիվ 354 բանաձևի նախագիծը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»:

«Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մայիսի 25-ին հապճեպ միակողմանի բանաձև է ընդունել, որը խեղաթյուրում է փաստերը: Մենք մերժում ենք այդ որոշումը: Միջադեպը Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանի նստավայրի մոտ տեղի է ունեցել ԱՄՆ իշխանությունների պատճառով, որոնք հրաժարվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ ընդունել, անկախ բազմաթիվ պաշտոնական զգուշացումներից»,-ասվում է Անկարայի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագիծը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Բանաձևում կոչ էր արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, որն ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---