Սուսերամարտի ԵԱ-ում Հայաստանը 6 մարզիկ կներկայացնի

Սուսերամարտի ԵԱ-ում Հայաստանը 6 մարզիկ կներկայացնի

PanARMENIAN.Net - Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 11-17-ը Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի մարզչական շտաբը որոշել է, թե ովքեր են հանդես գալու աշխարհամասի առաջնությունում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, որ Թբիլիսիում Հայաստանի կներկայացնի վեց մարզիկ:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձևում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը և Պարգև Ստեփանյանը:

«Եվրոպայի առաջնությունում հանդես կգանք երկու զենքաձևում` խոցասուսեր և ճկասուսեր: Այժմ մարզումներ ենք անցկացնում ե´ւ միասին, ե´ւ առանձին-առանձին: Մեր սուսերամարտիկները վատ մարզավիճակում չեն: Դեռ ժամանակ ունենք լավագույնս ներկայանալու համար:

Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մերոնք մի քանի փուլ կհաղթահարեն»,- ասել է Մադոյանը:

Ապրիլի 5-ին Էմմա Պողոսովան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---