Նուբար Աֆեյանը հայտարարել է նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին

Նուբար Աֆեյանը հայտարարել է նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «Ավրորա»հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը Կոմիտասի անվան թանգարանում հայտարարել է նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին, որով նախատեսվում է եկեղեցիների վերանորոգում ամբողջ աշխարհով մեկ:

Բարեգործական նախագիծն իրականություն կդառնա Ռոբերտ Բոշի հիմնադրամի աջակցության շնորհիվ:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Նուբար Աֆեյանը պատմել է նաև իր ընտանիքի պատմությունը՝ ասելով, որ Ցեղասպանության ժամանակ իր պապին փրկել են գերմանացի սպաները: «Ես երբեք այդ մասին չեմ պատմել հրապարակավ. պապիս և նրա եղբորը մահից փրկել են գերմանացիները: Թուրքերը ձերբակալել էին նրանց ի թիվս այլ մտավորականների և մտադիր էին մահապատժի ենթարկել: Գնացքը, որով հայերին տեղափոխում էին Ստամբուլից, կայարաններից մեկում, որը ենթակա էր գերմանական բանակին: Գերմանացի սպաները մտել են վագոն և դուրս բերել մի քանի մարդու, այդ թվում նաև պապիս ու նրա եղբորը: Գերմանացիները նրանց համազգեստ են տվել և 2 տարի պահել են կայազարում որպես զինվորների: Ուստի կապը գերմանացիների հետ շատ կարևոր է ընտանիքիս համար», -ասել է Աֆեյանը:

Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը մոտ 1 մլն փախստական է ընդունել:

Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել նման միջոցառման:

«Շնորհակալ եմ հայ-գերմանական հարաբերություններն այդ տեսակետից դիտարկելու հնարավորության համար: Հայաստանում ես տեսնում եմ տեխնոլոգիաների զարգացում, դպրոցներ, որոնք կարող են մրցակցել միջազգային դպրոցների հետ՝ Այբը, Թումոն, «Ավրորա» նախաձեռնությունը, որն ապագային է միտված: Այսպիսի նախագծերի նպատակն է ավելի լավը դարձնել Հայաստանը»,-ասել է Քիսլերը:

Մայիսի 28-ին Կոմիտասի թանգարանում Ավրորայի միջոցառումների շրջանակում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը, որին ոգեշնչել է հայ մեծ կոմպոզիտորի երաժշտությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---