Ամուլսարից առաջին ոսկին կկորզվի 2018-ի գարնանը

Ամուլսարից առաջին ոսկին կկորզվի 2018-ի գարնանը

PanARMENIAN.Net - Ամուլսարում ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018-ի գարնանը։ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար։

Նախարարը ընկերության ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրի ընթացքը, ծավալը և ժամկետները։

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ներդրումային և տնտեսական ազդեցության ընդհանուր բնութագիրը։ Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար:

Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ:

Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: Ալոյանը նշել է, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։

«Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր և այս ծրագրին հետևում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաև ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետևեն մեր օրինակին և իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»,- ասել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Ալոյանը։

Նախարարին ներկայացվել են նաև Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մանրամասները: Ընկերության Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է, որ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով և չափանիշներով:

Նախարարը ծանոթացել է նաև շրջակա համայնքներում ծրագրի շնորհիվ բացված նոր բիզնես ծրագրերին, մասնավորապես՝ Գնդեվազում բացված կարի արտադրամասին, ապա նաև՝ Ջերմուկի վերանորոգված արվեստի դպրոցին։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա` Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։

Կարդացեք նաև՝ ՀԲՃ. Ամուլսարի ծրագրով փորձագետների ներգրավումը շփոթեցնելու ձև է, իսկ ներդրումները՝ անուղղակի կաշառք

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---