Չայկովսկու սիմֆոնիկ նվագախումբն ու Վլադիմիր Ֆեդոսեևը համերգ կտան Երևանում

Չայկովսկու սիմֆոնիկ նվագախումբն ու Վլադիմիր Ֆեդոսեևը համերգ կտան  Երևանում

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ:

1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Րեպինին:

Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004 թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, «Մելոդիա» և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից:

Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներ ունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Հայտնի են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու «Ունդինա» օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-ի ելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---