9  05.06.17 - «Ոսկե ծիրան» 14րդ միջազգային կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիս

«Ոսկե ծիրան 2017». Ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը հայտնի են

«Ոսկե ծիրան 2017». Ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը հայտնի են

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2017-ին կանցկացվի հուլիսի 9-16-ը: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Ներկայացվել է փառատոնի պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմինը: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցութային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման և փակման ֆիլմերը:

Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության և փառատոնի արձանագրած հաջողությունների համար», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բացման ֆիլմ

Խասփուշ (1927թ.), ռեժ.՝ Համո Բեկնազարյան: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:

Ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

Փակման ֆիլմ

Բնաջնջման մտադրություն(2017), ռեժ.` Ջո Բեռլինգեր: Հայկական ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում:

Ռեժիսորը հանդիպում է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Միջազգային ժյուրի

Միջազգային խաղարկային մրցույթ. Հյու Հադսոն, ռեժիսոր (Մեծ Բրիտանիա), Սիռո Գեռա, ռեժիսոր (Կոլումբիա) Ալեքսեյ Ֆեդորչենկո, ռեժիսոր (Ռուսաստան), Իլդիկո Էնյեդի, ռեժիսոր (Հունգարիա)

Վավերագրական մրցույթ. Յուջին Քոր, ռեժիսոր (ԱՄՆ), Թոմ Ֆասարթ, ռեժիսոր (Նիդերլանդներ), Միքելանջելո Մեսսինա, կինոփառատոնի տնօրեն (Իտալիաը), Գրիգոր Հարությունյան, ռեժիսոր (Հայաստան), Միմի Գյորգովսկա, ֆիլմադարանի տնօրեն (Մակեդոնիա)

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ. Մարիամ դ’Աբո, դերասանուհի (Մեծ Բրիտանիա) Դավիթ Սաֆարյան, ռեժիսոր (Հայաստան), Յադվիգա Նովակովսկա, ռեժիսոր (Լեհաստան), Գագա Չխեիձե, կինոփառատոնի տնօրեն (Վրաստան), Յան Գերգեր, ծրագրի համադող, (Գերմանիա):

«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---