Բեռնատարի հարված. 4.5 ժամ վիրահատությունից հետո 4-ամյա տղան վերականգնվում է

Բեռնատարի հարված. 4.5 ժամ վիրահատությունից հետո 4-ամյա  տղան վերականգնվում է

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան հունիսի 5-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։

Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:

Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը, վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգ­ռեանիմատոլոգ Միքայել Շաքարյանը, տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի անմիջական հսկողությամբ չորս և կես ժամ վիրահատել են բեռնատարի հարվածից բազմակի վնասվածքներ ստացած տղային։

Ձախ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, տարածուն, լաթաձև վերքեր, ջնջխված հյուսվածքներ, ճաճանչային նյարդի ամբողջական վնասում, ձախ ազդրի լաթաձև վերքեր։ Աջից՝ սրունքի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, սրունքի մագիստրալ (հիմնական սնուցող) զարկերակի վնասում, նշված վերջույթների սնուցման խանգարում, ձախ անրակի կոտրվածք և այլն։ Այս ամենի արդյունքում` երրորդ աստիճանի տրավմատիկ շոկ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վիրահատությունից անցել է 10 օր։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ։ Երեխան մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքի փորձառու ղեկավար Աննա Չոբանյանի և ամբողջ անձնակազմի, ինչպես նաև նյարդավիրաբույժների մշտական ուշադրության ներքո։ Այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածի դաստակը և ոտնաթաթը վարդագույն են, ինչը նշանակում է, որ վերականգնված վերջույթներում արյան շրջանառությունը պահպանված է և դրանք կորցնելու վտանգ այլևս չկա։ Ներքին օրգանների ֆունկցիաները նույնպես պահպանված են։

Ծայրահեղ ծանր վիճակից դուրս է բերվել, նրա վիճակն այժմ գնահատվում է կայուն։ Չորսամյա տղային առջևում սպասվում են վերականգնողական, պլաստիկ վիրահատություններ։

Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշում է, որ սա անցած ամսվա ընթացքում նման երկրորդ դեպքն է։ Նախորդ վթարից տուժածի վերջույթը, ցավոք, պահպանել չի հաջողվել։

Մայիսի 26-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատարով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---