«Հարթակի» 1-ին և 2-րդ փառատոններն ամփոփվեցին. Ավելի քան 130 վարպետության դաս, ոգեշնչում ու նոր գաղափարներ

«Հարթակի» 1-ին և 2-րդ փառատոններն ամփոփվեցին. Ավելի քան 130 վարպետության դաս, ոգեշնչում ու նոր գաղափարներ

PanARMENIAN.Net - «Հարթակ»-ը փորձի փոխանակման ամենամյա փառատոն է, որը տեղի է ունեցել Երևանում 2015 և 2016 թվականներին: Փառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները սովորելու, փորձելու, անձնական փորձը ներկայացնելու և ինքնաբացահայտման հնարավորություն կունենան վարպետության դասերի, գործնական սեմինարների, փորձագետների ելույթների միջոցով։ Իր գործունեության 2 տարիների ընթացքում փառատոնը մի գունեղ հարթակի շուրջ է համախմբել ամենատարբեր ստեղծագործ, նորարար և փորձառու մարդկանց` գրանցելով հետևյալ նվաճումները. 2,500 մասնակից, 130 վարպետության դաս, 50 ԶԼՄ-ի կողմից լուսաբանում, 15 հովանավոր, 40 գործընկեր և 15 վայր` Երևանի տարբեր ծայրերում:

Փառատոնը կրում է շարունակական բնույթ` ոգեշնչվելով իր հարյուրավոր մասնակիցների մտքերով, սիրով, եռանդով և բարձր ներգրավվածությամբ:

Եվ ահա, այս տարի «Հարթակը» վերադառնում է. այս անգամ այն կանցկացվի Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ հունիսի 10-11-ին: Ինքնատիպ կոլորիտ, մշակույթ և ճարտարապետություն ունեցող քաղաքն իր դռներն է բացելու և հարթակ է հանդիսանալու փորձի, գիտելիքների ու հմտությունների ազատ փոխանակման գաղափարի համար:

Հարթակ 2017-ի վարպետության դասերի բնագավառները տարբեր են` մարտարվեստից մինչև կարպետագործություն, տեխնոլոգիայից մինչև արվեստ, սպորտից մինչև սնունդ․

● Տեխնոլոգիաներ (ՏՏ, ինժեներություն, ձեռներեցություն),

● Արա Ինքդ (ձեռագործ իրերի և առարկաների պատրաստում, խոհարարություն)

● Հոգի և Մարմին (մարզանք, մարտարվեստներ, սննդաբանություն, խնամք),

● Արվեստ (ժամանակակից արվեստ, թատրոն,քաղաքային միջավայրեր, ճարտարապետություն, երաժշտություն)

Վարպետության դասերի հետ մեկտեղ, տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ`

● Ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք,

●Համերգ և ժամանցային միջոցառումներ

● Գյումրու Իսահակյան պուրակի բարեկարգման նախագծի մրցույթ,

● Ճարտարապետության վերաբերյալ քննարկումներ և գործնական հանդիպումներ,

● Շրջայցեր՝ այցելուներին քաղաքի տեսարժան վայրերին ծանոթացնելու նպատակով,

● Կապերի հաստատմանը նպաստող ոչ ֆորմալ միջոցառումներ՝ Գյումրիում փորձի փոխանակման գաղափարի տարածման և համայնքի աշխուժացման նպատակով։

Դասընթացները վարելու են Գյումրիից, Հայաստանի մյուս քաղաքներից և արտասահմանից ժամանած անհատները/մասնագետները և կազմակերպությունները, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապն ամրապնդելու և միևնույն բնագավառի մարդկանց` շփման հնարավորություն ընձեռելու նպատակով: 3-րդ «Հարթակի» բանախոսների և դասընթացավարների ցանկում են`

● հայազգի ինդուստրիալ դիզայներ Տիգրան Լալայանը {Իտալիայի աշխարհահռչակ Pininfarina s.P.A-ի աշխատակից}

● գերմանացի ճարտարապետ Հեյկո Կոնրադը,

● ամերիկահայ դերասան Արամ Ատամյանը,

● Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն,

● նկարիչ, արվեստագետ Կարեն Բարսեղյանը,

● յոգայի փորձառու մասնագետ Կատյա Լոգունովան:

Փառատոնի խորհրդի անդամներն են Ռուբեն Մեսչյանը (ՏՏ փորձագետ), Վահագն Ղուկասյանը (Ասլամազյան քույրերի թանգարան, տնօրեն), Արփինե Գրիգորյանտ (News Deeply հայաստանյան ներկայացուցչություն), Ռաֆայել Ղասաբյանը (RAFA Solutions ՏՏ ընկերության հիմնադիր տնօրեն), Արի Հաջյանը (ճարտարապետ, Corporación América):

Բանախոսների, ինչպես նաև դասընթացների ամբողջական ցանկին, կարելի է ծանոթանալ և գրանցվել «Հարթակ»-ի պաշտոնական կայքում:

Փառատոնն իրականացվում է ԷՕՆ-ի, Aurora Barealisse մարկետինգային և բրենդիգային կազմակերպություն և Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Ամերիա Բանկը։ Փառատոնի գործընկերների շարքում են Գյումրու քաղաքապետարանը, «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամը, Վորլդ Վիժնը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Շիրակ Կենտրոն ՀԿ-ն, Բեռլին Արտ հյուրանոցը, ԿԱԶԱ հիմնադրամը, ԼՈՖԹ-ը և այլոք։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---