Օրբելյանը չի հասկանում, թե ինչու է տապալվել «Գայանե» բալետը

Օրբելյանը չի հասկանում, թե ինչու է տապալվել «Գայանե» բալետը

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռ չգիտեն՝ ինչու է տապալվել «Գայանե» բալետը:

Հունիսի 8-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է: Նվագախումբը բեմ դուրս չի եկել: «Նվագախմբի անդամներն արդեն բացատրագրեր են գրել,որոնք ավելի ուշ կներկայացվեն հանրությանը: 1160 հանդիսատեսի առաջ դուրս չգալը տեղի է ունեցել անհիմն պատճառներով: Ավելի վաղ 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից ստացել էր ծանուցում կրճատման մասին, հնարավոր է բողոքը կապված է դրա հետ», - PanARMENIAN.Net ին հայտնեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ Վահագն Գասպարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ տոմսերը հետ են վերադարձվելու հանդիսատեսին:

«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ», - ասում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նա հավելում է. «Ամեն մեկն իր անձնական հարցով էր, ես այստեղ եմ աշխատում, այնտեղ եմ աշխատում։ Ձեզ համար ամոթ չէ, դուք հիսաթափեցրել եք 1000 մարդու, որ եկել էր մեր թատրոն ներկայացում դիտելու», մեջբերում է Ա1+-ը:

Նա չի պատրաստվում ամեն գնով հարցը լուծել։ Այդ առաքելությունը մշակույթի նախարարին կհանձնի. «Այնտեղ այսօր Ամիրյանն է եղել, թող նա որոշում ընդունի՝ ինչպես հարկ է համարում»։

Օպերայի թատրոնի երկարամյան դիրիժորԶավեն Վարդանյանը նվագախմբի բոյկոտը կազմակերպված է համարում։ Գուցե դա աշխատանքից ազատվող 4 տեղակալներն են։ Այդպես է կարծում, քանի որ նվագախումբը բոյկոտի պատճառ չուներ։ «Նրանց ձեռք չեն տալիս, նրանց չեն կրճատում։ Նույնը երգչախումբը, ուրեմն պարզ տրամաբանությամբ սա ուրիշ կողմից է…»։

Հունիսի 9-ին թատրոնի ղեկավարության կողմից հրավիրված մամուլի ասուլիսին ընթացքում տնօրենի 1-ին տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասել է այն, ինչ մամուլում արդեն շրջանառվում էր ու հավելել, որՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ անցկացված ժողովի ժամանակ ոչինչ չի պարզվել, գրում է Armtimes.com-ը:

«Այսօր այդ առիթով տեղի է ունեցել մեր ողջ անձնակազմի ժողովը, որին մասնակցել են նաև նախարար Ամիրյանը և փոխնախարարները: Ժողովը վարում էր պարոն Ամիրյանը: Նա խնդրեց, որ ոտքի կանգնեն կազմակերպիչները և անկեղծ ասեն՝ ինչի համար են կազմակերպել և որոնք են իրենց պահանջները: Ե՛վ նվագախումբն էր ներկա, ե՛ւ վարչական մասի աշխատակիցները, ներկաներից ոչ ոք ոտքի չկանգնեց»,- պատմել է Կիրակոսյանը:

Ներկայացման խափանումից հետո խոսակցություններ էին տարածվել, թե կազմակերպիչները վարչական կազմի այն աշխատակիցներն են, որոնց հաստիքները կրճատվել են: Թատրոնի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ 583 աշխատակցից ազատվել է 10 վարչական աշխատող, այդ թվում՝ տնօրենի 3-ը տեղակալ: Նրանց մասնակցությունը տեղի ունեցածում Կարինե Կիրակոսյանը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: Նշել է, որ իրենք պետք է սպասեն տեղի ունեցածի մասնակիցների բացատրագրերին:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: 2017-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել Կոնստանտին Օրբելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---