ՀՀ-ն և Ճապոնիան կընդլայնեն գործակցությունը ՏՏ և աղետների կանխարգելման ոլորտում

ՀՀ-ն և Ճապոնիան կընդլայնեն գործակցությունը ՏՏ և աղետների կանխարգելման ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը կընդլայնեն գործակցությունը ՏՏ և աղետների կանխարգելման ոլորտում: Այդ մասին ասվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի հանդիպմանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ-ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ հարաբերությունները հաջողությամբ են զարգացել՝ վերջին տարիներին արձանագրելով դրական դինամիկա, որին, նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստել են 2010թ. Տոկիոյում ՀՀ դեսպանության և 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանության բացումը:

Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012թ. հունիսին Ճապոնիա կատարած իր այցը և Ճապոնիայի Կայսեր ու վարչապետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումները:

Ընդգծելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիան իր պետական ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, նախագահը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը և բարձր գնահատել վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը, որտեղ մեծ է հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դերը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը և Շինիչի Կիտաոկան գոհունակությամբ են խոսել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին և երկուստեք պատրաստակամություն հայտնել ընդլայնելու առկա փոխգործակցությունը:

Շինիչի Կիտաոկան մեծ ջերմությամբ է խոսել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթության, մշակույթի մասին, որին, իր խոսքով, քաջածանոթ է մասնագիտության բերումով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---