Հետազոտություն. Ավելորդ քաշով կանայք առավել հաճախ են զարգացման արատով երեխաներ ունենում

Հետազոտություն. Ավելորդ քաշով կանայք առավել հաճախ են զարգացման արատով  երեխաներ ունենում

PanARMENIAN.Net - Բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեցող կանայք զարգացման արատներով երեխաներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Նման եզրակացության են եկել Շվեդիայի Կարոլինյան համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է British Medical Journal ամսագրում:

Հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Շվեդիայում 2001-2014թթ. ծնունդների մասին գրառումները՝ հուսալի կապ տեսնելով կանանց ավելորդ քաշի և նորածինների մոտ բնածին արատների զարգացման ռիսկի միջև, այդ թվում սրտի զարգացման, սեռական օրգանների և վերջույթների ճիշտ կազմավորման պարագայում, գրում է Gazeta.ru-ն:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված երեխաներից 43. 550-ը լուրջ բնածին շեղումներ են ունեցել, ընդ որում ավելորդ քաշով մայրերի դեպքում ռիսկը կազմել 3,5 տոկոս, ճարպակալությամբ տառապողների դեպքում՝ 3,8% և երկրորդ աստիճանի ճարպակալությամբ տառապող մայրերի դեպքում՝ ռիկսը կարող է հասնել մինչև 4,7%:

Որպես պատճառ գիտնականները նշել են հորմոնալ ֆոնի փոփոխությունները, բորբոքային պրոցեսներն ու երեխայի ոչ լիարժեք սնուցումը ընկերքի միջոցով:

Ըստ հոդվածի հեղինակի, ջանքեր պետք է գործադրվեն դրդելու համար վերարտադրողական տարիքի կանանց առողջ ապրելակերպ վարել և նորմալ քաշի գալ բեղմնավորումից առաջ:

 Ուշագրավ
---