Կրկնակի հարկումը կարող է բացառվել

Կրկնակի հարկումը կարող է բացառվել

PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման:

Վարչապետ Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է՝ արդյոք դիտարկվում է այլ երկրների հետ ևս նման կոնվենցիաներ ստորագրելու անհրաժեշտությունը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ կա ծրագիր, որի շրջանակում Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ:

Միևնույն ժամանակ վերջերսՀայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) բազմակողմ ձևաչափով համաձայնագրին, որով ընդհանուր կանոններ են սահմանվում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր արդեն իսկ ունեցող 46 երկրի հետ, ինչը, նախարարի բնորոշմամբ, բավական լավ առաջընթաց է:

Մոտ 30 երկիր ևս, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանն արդեն բանակցություններ է նախաձեռնել, այդ բազմակողմ ձևաչափով համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել:

«Պետք է հստակ ծրագիր դնենք՝ ո՞ր երկրների հետ կարող ենք հեշտացնել այս գործընթացը, աշխուժացնել բիզնեսը: Եթե նման կոնվենցիաներ ունենք, արդեն պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք», - ասել է վարչապետ Կարապետյանը՝ հանձնարարելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկանք ներկայացնել այս ուղղությամբ անելիքների վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---