15 հունիսի 2017 - 17:37 AMT
Լոնդոնի հրդեհն ահաբեկչություն չէր. Զոհերի քանակը հասել է 17-ի

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարծում, թե բազմաբնակարան 24-հարկանի շենքում բռնկված հրդեհն ահաբեկչության հետևանք էր: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Լոնդնոի ոստիկանության ներկայացուցիչ Ստյուարտ Քանդին:

Զոհերի թիվը հասել է 17-ի, 79 տուժած կա հիվանդանոցներում, նրանցից 17-ը կրիտիկական վիճակում է: Ըստ հրշեջների, մոտ 120 ընտանիք կարող է տուժած լինել հրդեհից:

«Ոչ մի բան հիմք չի տալիս ենթադրելու, որ դա կապված է ահաբեկչության հետ»,-ասել է Քանդին՝ հավելելով, որ բռնկման հետաքննությունը հրդեհի պատճառները պարզելու նպատակով շարունակվում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հրդեհը Լոնդոնի բազմահարկում տեղի է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Սկզբում հայտարարվել էր 6, այնուհետև 12 զոհի մասին

Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:

Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով: :