Նախարար. «Սնանկանալու մյուս տարբերակն է՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»

Նախարար. «Սնանկանալու մյուս տարբերակն է՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է օրերս Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիների խնդիրներին:

«Գյուղացին, ցավոք սրտի, այսօր հակակարկտային ցանցի համար ֆինանսական ռեսուրս չունի, ապահովագրության համակարգը չկա», - մասնավորապես ասել է Առաքելյանը, մեջբերում է Aravot.am-ը:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա կառավարությունը գյուղացուն՝ սնանկանա՞լ, նախարարը պատասխանել է. «Հիմա դուք, որ հարցն այդպես տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչո՞ւ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»:

Նա հավելել է. «Այսօր չկա այլ տարբերակ: Գյուղացին է որոշում՝ զբաղվել գյուղատնտեսությամբ, ինքը պիտի հաշվի առնի իր ռիսկերը՝ կարկտահարություն, ցրտահարություն և այլն: Այսօր դա է, վաղը մենք մտցնելու ենք այդ համակարգը: Իսկ այսօր, ցավոք սրտի, այդպես է, գյուղացին պետք է որոշի՝ զբաղվի, թե չզբաղվի գյուղատնտեսությամբ»:

Նախարարն ասել է, որ կառավարությունը նպատակ ունի աջակցել վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին՝ վարկերի սառեցման, հարկերից ու տուրքերից ազատելու ճանապարհով: Նա վստահեցրել է, որ կառավարությունը ծրագրում է եկող տարվանից փորձնական ներդնել գյուղատնտեսության ապահովագրության ու հակակարկտային ցանցային համակարգը:

«Նախատեսում են ներդնել կարկուտի դեմ հրթիռային նոր համակարգ, որը ռուսական արտադրության է: Հուսով ենք աշնանը կներդրվի պիլոտային ծրագիրը՝ սա հրթիռային կայաններն են, սրանք ավելի լավ կաշխատեն, քան այսօրվա կայանները», - ասել է նա:

Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:

«Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - նշեցին մարզմետարանից: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը:

Կարդացեք նաև՝Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կարկուտի պատճառած վնասները

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---