Երևանում կանցկացվի կիթառի միջազգային 3-րդ փառատոնը

Երևանում կանցկացվի կիթառի միջազգային 3-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Կազմակերպիչների խոսքով, այն հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Փառատոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Մինչև Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մեկնարկն Արցախում կկազմակերպվի փառատոնին ընդառաջ համերգ: Գանձասարի Մատենադարանում հունիսի 27-ին կազմակերպվելիք երեկոյին Ժորա Սարգսյանի հետ ելույթ կունենա Ագուստին Պեսնոնը (կիթառ/Ֆրանսիա): Վերջինս Paris Guitar Foundation-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:

Ժորա Սարգսյանը և Ագուստին Պեսնոնը հանդես կգան նաև փառատոնի բացման համերգին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Փառատոնը, կարևորելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, համերգ կունենա նաև Երևանից դուրս: Հուլիսի 1-ին Ջերմուկում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), ինչպես նաև Հասմիկ Ասատրյանը (վոկալ/Հայաստան): Համերգը տեղի է ունենալու Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը:

Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենահամերգով հանդես կգա Վլադիմիր Կիրասիրովը (կիթառ/Ռուսաստան): Վերջինս Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս է, երեկոյի ընթացքում հանդես է գալու լուրջ ծրագրով:

Հուլիսի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կանցկացվի փառատոնային հաջորդ համերգը: Ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն (Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), Գեորգի Կուձանաշվիլին (Վրաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա 20 կիթառահար: Սա բացառիկ երևույթ է տարածաշրջանում:

Փառատոնի փակումը կնշանավորվի յուրահատուկ համերգ-երեկոյով: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հուլիսի 9-ին հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան), Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (Ռուսաստան), Արիկ Բամբիրը (Հայաստան), Վահագն Մարգարյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Հայաստան), Պերճ Նահապետյանը (Հայաստան):

Փառատոնի ընթացքում ներկայացվելու են ամենատարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կազմակերպիչներն այնպես են կազմել ծրագիրը, որ այն հետաքրքիր լինի հանդիսատեսի համար:

Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 30-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը: Հուլիսի 6-ին ՀԲԸՄ դահլիճում վարպետության դաս կանցկացնի Վլադիմիր Կիրասիրովը:

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---