Սարգսյանն ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին. Քննարկվել է առևտուրը, ներդրումներն ու զբոսաշրջությունը

Սարգսյանն ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին. Քննարկվել է առևտուրը, ներդրումներն ու զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին:

Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Ես կարծում եմ, որ առևտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016 թվականին գրանցել ենք առևտրաշրջանառության ծավալի շուրջ 15 տոկոսի աճ, նաև մեզ համար շատ կարևոր արտահանման ավելի քան 50 տոկոսի աճ, իհարկե, պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:

Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը», - ասել է նախագահը:

Նրա խոսքով, երկկողմ հարաբերություններում էական դեր ունի հայկական համայնքը, որը ոչ միայն զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը, այլ նաև ներդրումներ են կատարում Հայաստանում:

«Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, և մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է: Վերջին հինգ ամիսների ընթացքում մեր հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 25 տոկոսով աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Սա շուկա է, որը մենք, անպայման, պետք է օգտագործենք՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսություն է, ոչ միայն բիզնես է, այլ երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն», - հավելել է Սարգսյանը:

Դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016 թվականին և 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով:

Երկու ռազմավարական դաշնակից պետության միջև խորացող երկխոսության պայմաններում, դեսպանի զեկուցմամբ, դրական առաջընթաց է գրանցվել երկկողմ առևտրաշրջանառության և մասնավորապես՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ զբոսաշրջային համագործակցության ոլորտում նոր հեռանկարներ են բացվել՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշմամբ: Վարդան Տողանյանը նշել է որ երկկողմ օրակարգից անմասն չեն մնացել նաև, կրթական փոխանակմանը և մշակութային կապերին ուղղված առավել ընդգրկուն ծրագրերը:

Դեսպանի զեկույցը, հաշվետվությունից բացի, ներառել է նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթանմանն ուղղված առաջարկություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---