Ծրագիր. Գյուղարտադրանքի տարեկան 5% ավելացում, արտահանման խթանում

Ծրագիր. Գյուղարտադրանքի տարեկան 5% ավելացում, արտահանման խթանում

PanARMENIAN.Net - Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված ուղղությունները և նպատակները: Նախարարությունը նախատեսում է տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, բարձրաժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում և տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում:

«Գյուղատնտեսության ոլորտում կենտրոնանալու ենք ոլորտի ներդրումների ապահովագրության, արդյունավետության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիարառման և ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա», - ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով, նշված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է առաջնահերթ ներդնել հետևյալ ծրագրերը ՝

Գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազայի ստեղծման համար իրականացվելու է Աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը: Արդյունքում կլինի հողերի ֆիզիկական և իրավական կադաստր, ինչը թույլ կտա վերլուծելու հողերի կարգավիճակը, մշակովի է այն թե անմշակ, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, կլիմայի ազդեցության վերաբերյալ տվյալները, գյուղատնտեսական նշանակության մոնիտորինգային տվյալները, օրինակ՝ վնասի գնահատում և այլն:

Արդեն իսկ ընթացիկ տարում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Այդ ծրագրով տնտեսավարողների համար իրականացվում է լիզինգով մատչելի տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարում: Ծրագրով գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է շուրջ 21 միավոր տրակտոր և 12 միավոր այլ գյուղտեխնիկա:

Բացի այդ, ստեղծվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), որի շնորհիվ կարող են ժամանակակակից գյուղատնտխնիկայի ծառայություններից օգտվել նաև այն փոքր տնտեսավարողները, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ լիզինգի ծրագրով գյուղտեխնիկա ձեռքբերելու համար:

Արտադրողականության բարձրացման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել նաև հետևյալ ծրագրերը.

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմամբ կխթանվի պտղաբուծության զարգացումը և կավելացվի արտահանումը: Հայաստանում զարգացում է ապրում ջերմոցաշինությունը. հիմնվում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ, որոնք իրենց արտադրանքի զգալի մասն արտահանում են:

Նախատեսվում է նաև աջակցել փոքր հողատեսքերում բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին, որը մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում: Ուստի, այդ մշակաբույսերի աճեցումը փոքր տնտեսությունների համար շահավետ և եկամտաբեր ուղղություն կարող է լինել:

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով էլ նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը:

Նախատեսվում է շարունակել գյուղոլորտին նպատակային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագիրը՝ առավել բարելավելով պայմանները, մասնավորապես, տրամադրվող մինչև 3 մլն դրամի շեմը բարձրացնել՝ նվազագույն շեմը սահմանելով՝ 3, իսկ առավելագույնը 10 մլն դրամ և առավել մատչելի դարձնել տոկոսադրույքը: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի զարգացնել փոքր և միջին տնտեսությունները, որպեսզի նրանք արդյունավետ գյուղատնտեսություն վարեն՝ հիմքում ունենալով հստակ բիզնես ծրագիր:

Գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է նաև անասնաբուծության ճյուղի զարգացումը, որը թույլ կտա մեր ազգաբնակչությանն ապահովել որակյալ կաթնամթերքով և մսամթերքով: Տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագրով նախատեսվում է հանրապետությունում տավարի նախիրները համալրել բարձրարժեք տոհմային կենդանիներով: Ոլորտի կարևոր նախապայման է նաև անասնաբուժության զարգացումը՝ որպես հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման երաշխիք: Նախարարությունը նախատեսվում է մշակել գործուն մեխանիզմներ պատվաստումների որակի բարձրացման և մատուցվող ծառայությունների բարելավման հարցերում:

Անտառային ոլորտում նախատեսվում է իրականացնել անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր:

Նախարարության ուշադրության կենտրունում է լինելու նաև սննդամնթերքի անվտանգության ապահովումը, ուստի նախատեսել ենք ներդնել գյուղատնտեսական կենդանիների նույնականացման, հաշվառման և համարակալման թվայնացված համակարգ, բարձրացնել սննդամթերքի անվտանգության լաբորատոր հսկողության մակարդակը, պարզեցնել վարչարարությունը ներմուծվող սննդամթերքի որակի նկատմամբ, խստացնել սննդի որակի վերահսկողութունը, փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառմանը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նախատեսում ենք վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է ստեղծել հակակարկտային պաշտպանության համակարգի առավել արդյունավետ և փոխլրացնող համակարգ՝ ներառելով նաև հրթիռային պաշտպանության ժամանակակակից միջոցներ:

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրական համակարգի ներդրմամբ ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել: Այն կունենա կրկնակի էֆեկտ՝ կբարձրացնենք գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը և կապահովենք նոր ներդրումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է 2018 թվականից սկսել ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը:

Նախարարը նշել է, որ այս ծրագրերը միտված են ոլորտում իրականացվող համակարգային զարգացումներին, որոնք մեզ հնարավորություն կտան 2-3 տարի անց ունենալ անհրաժեշտ և բավարար հիմք, որպեսզի մեր երկրում զարկ տանք արդյունաբերական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ մասնագետներով համալրված գյուղատնտեսությանը:

Ազգային ժողովը հունիսի 21-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկել է Կառավարության 2017-2022 թթ. ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---