Սպիտակում աչքի 40 անվճար վիրահատություն է իրականացվել

Սպիտակում աչքի 40 անվճար վիրահատություն է իրականացվել

PanARMENIAN.Net - Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայկական ակնաբուժական ծրագրի համակարգող Նունե Եղիազարյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն։

ԲԿ-ում իրականացվում են աչքի կատարակտի անվճար վիրահատությունները թե՛ Հայկական ակնաբուժական նախագծի «Լույս հայի աչքին», թե՛ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում։

Լևոն Ալթունյանին տեղեկացրել են, որ նախարարության «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում արդեն վիրահատվել է 40 մարդ։

Բոլոր, այդ թվում` խորացված հետազոտությունները և վիրահատություններն իրականացվում են Հայկական ակնաբուժական նախագծի կողմից նվիրաբերված սարքավորումներով հագեցած բաժանմունքում։ Ավելին` նախագծի վիրահատող բժիշկը իր փորձը հաղորդել է Սպիտակի բժշկական կենտրոնի մասնագետներին։

Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախարարը նաև եղել է Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակում։ Նախարարը շրջել է կառուցվող մասնաշենքերում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և որակին։

Նախարար Ալթունյանը հենց տեղում մասնագետների հետ քննարկել է բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոնի արդյունավետ կառավարմանը, կազմակերպվող ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև համալիրի պահպանման ծախսերը նվազագույնին հասցնելուն վերաբերող հարցեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---