Ջերմոցային համալիր ու բորբոսով պանրի գործարան կկառուցվի. Ավելի քան $200 մլն կներդրվի

Ջերմոցային համալիր ու բորբոսով պանրի գործարան կկառուցվի. Ավելի քան $200 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին:

Ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի: Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը:

Կառավարությունը որոշել է նաևբավարարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Արդեն իսկ ընկերության կողմից իրականացվել է 44 մլրդ դրամի ներդրում, նախատեսված է ևս 180 մլրդ դրամի ներդրում:

Նախատեսվում է ստեղծել 2.000 նոր աշխատատեղ, 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի համապատասխան որոշմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» և «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 15-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գրին էներջի կոնցեռն»-ի նպատակն է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3,9 մգվտ փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի 2.28 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 747.7 մլն դրամ։

2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---