ԿԳ նախարարը կարևորում է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացումը

ԿԳ նախարարը կարևորում է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացումը

PanARMENIAN.Net - Հայաստանում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանի հետ հանդիպմանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով:

Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ նախարարը կարևորել է մեր երկրում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունության, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման և այլ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Իր հերթին դեսպան Ֆարնուորթին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՆ-ն և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» համագործակցության հուշագիր են ստորագրել: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է է, որ մարզերում օտար լեզուների դասավանդման խնդիր կա, և հենց հիմնադրամի միջոցով էլ պետք է այս խնդիր լուծել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---