Եվս 1 քրգործ է հարուցվել՝ ընտրախախտումների փաստով

Եվս 1 քրգործ է հարուցվել՝ ընտրախախտումների փաստով

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:

Մասնավորապես, նշված ընտրատեղամասի` անվավեր ճանաչված 152 քվեաթերթիկներից մեծ մասի վրա առկա են եղել հավելագրումներ /մեկից ավելի նշումներ/` «V»-ձև նշանի կամ ձեռագիր տարբեր գրառումների տեսքով: Իսկ մնացած 37 քվեաթերթիկների վրա ընդհանրապես որևէ նշում կամ գրառում չի եղել:

Սակայն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում նշանակված համալիր փորձաքննության արդյունքում նշված 37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձև նշանի ուրվագծեր և ներկանյութի հետքեր, որոնց հետագա անհետացման պատճառներն ու կատարման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել: Ընդ որում, հիշյալ ուրվագծերն առկա են եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի անվան դիմաց, հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը:

Վերը նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական-դատավարական գործողություններ կատարելու նպատակով, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Մայիսի 18-ին թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ ԵԼՔ դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա կատարվել է մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում կան մի շարք քվեաթերթիկներ, որոնց վրայից անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---