Սահակաշվիլին բողոքի ակցիաներով է սպառնում Պորոշենկոյին, եթե իրեն զրկեն Ուկրաինայի քաղաքացիությունից

Սահակաշվիլին բողոքի ակցիաներով է սպառնում Պորոշենկոյին, եթե իրեն զրկեն Ուկրաինայի քաղաքացիությունից

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին բողոքի ակցիաներով է սպառնացել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, եթե իրեն փորձեն զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից:

«Եթե Պորոշենկոն որոշի զրկել ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից, նա որպես պատասխան բողոքի ակցիաներ կստանա»,-հայտարարել է Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կարծում եմ, նա չի գնա ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելուն»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը: Նա հավելել է, որ մտադիր է շարունակել պայքարը հանուն ժողովրդավարության Ուկրաինայում և Վրաստանում:

Նույն հեռուստաալիքը հեռարձակել է նաև Պորոշենկոյի հետ հարցազրույցը, որն անդրադառնալով իր Վրաստան կատարելիք այցին, հայտարարել է, որ չի քննարկի այդ երկրի ղեկավարության հետ Ուկրաինայի այս կամ այն քաղաքացու քաղաքացիության հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղուց է ակտիվ բանակցություններ վարում Վրաստանի նախկին վարչապետ, ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին այդ երկրին արտահանձնելու շուրջ: Այդ մասին հեռուստաեթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, իսկ այժմ Սահակաշվիլիի կուսակից Դավիթ Սակվարելիձեն:

Հունիսի 2-ին Սահակաշվիլին հայտարարեց, որ իր նպատակն է իշխանափոխությունն Ուկրաինայում և որ իր առճակատումը Պորոշենկոյի հետ վերջինիս համար վատ ավարտ կունենա: Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետ է եղել 2015-ի մայիսից 2016-ի նոյեմբերը, երբ հրաժարական ներկայացրեց: 2004-2013թթ. Սահակաշվիլին եղել է Վրաստանի նախագահը, որտեղ այժմ նրա դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---