Մխիթարյանը՝ ՀՀ-ում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու, հաջողության գրավականի ու Մոուրինյուի մասին

Մխիթարյանը՝ ՀՀ-ում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու, հաջողության գրավականի ու Մոուրինյուի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու շուրջ: Այդ մասին նա ասել է հունիսի 23-ին՝ Ֆեյսբուքում պատասխանելով երկրպագուների հարցերին:

«Մտածել եմ այդ մասին և կցանկանամ ապագայում զարգացնել այդ գաղափարը` հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայությունն ուսուցանելու համար»,- գրել է Մխիթարյանը:

Նա հավելել է՝ երջանիկ է, որ հայ երեխաների համար ոգեշնչման աղբյուր է և ընդօրինակելի կերպար. «Հուսով եմ` յուրաքանչյուր երեխայի համար օրինակ կծառայեմ իմ նվաճումներով, որպեսզի նրանք հավատան իրենց երազանքներին»:

Մխիթարյանը նաև համոզմունք է հայտնել, որ երազանքները կատարվում են, երբ տքնաջան աշխատում ես, դրական ես տրամադրված ու հավատում ես ուժերիդ: Ամեն ինչի հնարավոր է հասնել, երբ վստահ ես գործում:

Ընդհանուր ֆեյսբուքյան օգտատերերը Մխիթարյանին ավելի քան 2000 հարց են ուղղել:

Երկրպագուներից մեկը Մխիթարյանին խնդրել է բնութագրել ՄՅՈւ-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:

«Ժոզեն հաղթող է: Նա քրտնաջան աշխատում է յուրաքանչյուր խաղում հաղթելու և համոզված լինելու համար, որ մենք պատրաստ ենք 100 տոկոսով: Նա մեզ տալիս է էմոցիաներ և մոտիվացիա: Ես նրանից շատ բան եմ սովորել, և կշարունակեմ դա անել եկող մրցաշրջանում»,- պատասխանել է Հենրիխը:

Անդրադառնալով հաջորդ մրցաշրջանի հետ կապված նպատակներին, Մխիթարյանը գրել է.

«Կցանկանամ ավելի շատ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ դառնալ ... և օգնել իմ թիմին հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելու հարցում: Կներդնեմ իմ ողջ ուժերը»:

Իսկ նախորդ մրցաշրջանի ամենասիրելի պահը նկարագրելիս՝ Մխիթարյանը գրել է.«Իհարկե, Ստոկհոլմում Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը: Մենք քրտնաջան աշխատել էինք այս մրցաշարում հաղթելու համար և իսկապես առանձնահատուկ էր դրան հասնելը: Հիմա մենք անհամբերությամբ ենք սպասում Չեմպիոնների լիգա վերադառնալուն»:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 23-ին ֆեյսբուքյան ասուլիս է տվել: Այդ մասին սոցկայքի իր էջում նա գրառում էր կատարել նույն օրն առավոտյան՝ բոլորին հրավիրելով մասնակցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---