Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից

Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից: Մատակարարումը պլանային է և իրականացվել է ըստ Ադրբեջանի և ՌԴ միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի:

Բաքվի նավահանգիստ ժամանած արդիական սպառազինության նոր մեծ խմբաքանակը մոտ ապագայում կուղարկվի առաջնագիծ, հայտնում է ԱՊԱ գործակալությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության վրա հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր խմբաքանակը կհզորացնի Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների մարտական և մանևրային կարողությունները զրահատեխնիկայի, ինժեներային և պաշտպանական կառույցների, փոքր արագության ունեցող օդային թիրախների, կենդանի ուժի և հակառակորդի այլ օբյեկտների խոցման առումով:

Նշվում է, որ ռուսական ռազմատեխնիկայի և սպառազինության առաքումներն Ադրբեջան կշարունակվեն:

2016-ին՝ ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը վրդովմունքի ալիք առաջացրեց ինչպես ՀՀ բնակչության, այնպես էլ իշխանությունների շրջանում:

Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---