Բահրեյնի ԱԳՆ-ն սպառնացել է Կատարին տարածաշրջանի երկրների «շտապ միջամտությամբ»

Բահրեյնի ԱԳՆ-ն սպառնացել է Կատարին տարածաշրջանի երկրների «շտապ միջամտությամբ»

PanARMENIAN.Net - Բահրեյնի ԱԳ նախարար Հալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան սպառնացել է Կատարին «շտապ միջամտությամբ», եթե Դոհան չցանկանա հետևել տարածաշրջանի երկրների հետ պայմանավորվածություններին:

«Կատարը պետք է պահպանի տարածաշրջանում գործող համակարգն ու ընդհանուր պայմանավորվածությունները պաշտպանության մասին տարածաշրջանային երկրների հետ և երկկողմ պայմանավորվածությունները խոշոր համաշխարհային գործընկերների հետ: Հակառակ դեպքում Կատարը կբախվի տարածաշրջանի երկրների շտապ միջամտության հետ»,-գրել է Ալ Խալիֆան Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ նրա, Կատարը գնաց իրավիճակի ռազմական սրման՝ երկիր հրավիրելով օտարերկրացի զինվորականների հարևան երկրների հետ դիվանագիտական ճգնաժամի ֆոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ալ Խալիֆան գրել է նաև, որ «Կատարի հետ առճակատման հիմքում քաղաքական հարցերն են ու անվտանգությունը, այն չի ունեցել ռազմական բաղադրիչ, ուստի օտարերկրյա բանակների ու զրահատեխնիկայի առկայությունը ռազմական սրացում է, որի համար պատասխանատու է Կատարը»,-գրել է նա սոցցանցում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոհան մտադիր է համապարփակ հարաբերություններ զարգացնել Թեհրանի հետ, ինչպես նաև գործակցել իսլամական աշխարհի խնդիրների հանգուցալուծման համար: Այդ մասին հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հունիսի 24-ին Կատարը հաստատել է, որ ստացել է 4 արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը, բաղկացած 13 կետից: Դոհայում առաջ քաշված պայմանները համարում են ոչ խելամիտ և անիրագործելի: Դոհայից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմակայանն ու արբանյակային Ալ Ջազիրա հեռուստաալիքը: Պայմանների ցանկը Դոհային է փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ: Արաբական երկրները պնդում են նաև, որ Կատարն այլևս քաղաքացիություն չտրամադրի և արտահանձնի այն անձանց, որոնց Էր Ռիադը, Աբու Դաբին և Մանաման որոնում են ահաբեկչության մեղադրանքով:Բացի այդ, Կատարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---