Թարմացնել օպերացիոն համակարգերն ու հակավիրուսային ծրագրերը. Ինչպես պաշտպանվել Petya-ից

Թարմացնել օպերացիոն համակարգերն ու հակավիրուսային ծրագրերը. Ինչպես պաշտպանվել Petya-ից

PanARMENIAN.Net - Թարմացնել օպերացիոն համակարգերն ու հակավիրուսային ծրագրերը և չբացել անհասկանալի նամակներ. տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում կիսվել է հունիսի 27-ին ամբողջ աշխարհում ընկերությունների համակարգիչների վրա հարձակում գործած Petya շորթող վիրուսից համակարգիչը պաշտպանելու խորհուրդներով:

«Հայաստանում կան համակարգիչների վարակման դեպքեր, թեև հստակ վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, քանի որ ՀՀ-ում չկա կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերություն, որը կկարողանար ինչ-որ վիճակագրություն հավաքել: Ուղղակի կարող ենք ֆիքսել, որ դեպքեր կան: Բացի այդ, ՀՀ-ում ընդունված չէ կիբերհարձակման մասին հաղորդելը, եթե դա տեսանելի չէ: Չեմ կարծում, թե մեզ մոտ մեծ թվով համակարգիչներ են վարակվել»,- նշեց փորձագետը:

Հունիսի 27-ին Ուկրաինան, ապա Ռուսաստանն ու այլ երկրները հաքերային զանգվածային հարձակման էին ենթարկվել, Petya վիրուսի «զոհ են դարձել» երկրների հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ, օրինակ՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային և «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը, մետրոպոլիտենի աշխատանքը:

Չերնոբոլի ԱԷՍ-ի համակարգչային համակարգն անջատվել էր՝ վիրուսային հարձակման հետևանքով: Ստիպված էին անցնել ձեռքի կառավարման ռեժիմի:Petya վիրուսը համակարգիչների ապաարգելափակման համար պահանջում էր 300 դոլար:

Նրա խոսքով, վիրուսի դեմ պայքարելը դեռևս բարդ է, քանի որ անգամ խոշոր հակավիրուսային կազմակերպությունները դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել և գնահատական չեն տվել՝ ինչի հետ գործ ունենք:

«Ընկերությունների մի մասն ասում է, թե դա Petya-ն է, մյուս մասը՝ թե մոդիֆիկացված Petyan-ն է, երրորդներն էլ կարծում են, թե հնարավոր է՝ լրիվ ուրիշ վիրուս է: Ինչևէ, հարցը նրանում է, որ կարծես թե խոցելի են այն համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, այսինքն օգտագործում է նույն խոցելիությունը, որը կար WannaCry-ի ժամանակ: Թարմացնելն առնվազն չի խանգարի: Դեռևս պարզ է, որ ֆիշինգային հարձակում է, այսինքն՝ եթե չբացել անծանոթներից նամակներ, կամ ծանոթներից՝ անհասկանալի նամակներ, վարակվելու շանսերը զրոյանում են, եթե խոսքը չի վերաբերում ներքին ցանցում վարակված համակարգչի մասին: Եթե կա վարակված համակարգիչ ներքին ցանցում, հարցն արդեն պետք է մասնագետը տեղում կարգավորի, քանի որ կան վարակված համակարգիչը սահմանափակելու տարբերակներ՝ ներքին ցանցում վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու համար»,- նշեց Մարտիրոսյանը:

Խոսելով չլիցենզավորված օպերացիոն համակարգերի մասին, որոնց օգտագործումը լայնորեն տարածված է Հայաստանում, փորձագետը նշեց. «Այստեղ հարցն իրականում շատ բարդ է: Կան «լավ» կոտրած ՕՀ-ներ, որոնք ժամանակին թարմացվում են։ Հարցը նրանում է, որ շատերն անջատում են թարմացումները, որ չլիցենզավորված լինելու հանգամանքը չբացահայտվի»:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ հասարակ օգտատերերը պետք է անպայման թարմացնեն օպերացիոն համակարգերը, հակավիրուսային ծրագրերը, չբացեն անհասկանալի հղումներ ու նամակներ ու կարևոր ֆայլերը միշտ պահեն առանձին կրիչների վրա, քանի որ այսօր Petyan է, վաղը կարող է մեկ ալյ վիրուս լինել:

Կարդացեք նաև՝ Symantec-ը Petya շորթող վիրուսից պաշտպանվելու մեթոդ է հրապարակել

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---