«Ճկույթիկի» հեղինակը Հայաստանում է. Հայկական անձնագիր է ստանալու

«Ճկույթիկի» հեղինակը Հայաստանում է. Հայկական անձնագիր է ստանալու

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երգիչ և երգահան Մարթեն Յորգանցն այս օրերին Հայաստանում է: Նա այստեղ է մնալու մինչև հուլիսի 9-ը:

Հունիսի 28-ին Յորգանցը հայտնել է լրագրողներին, որ այս անգամ եկել է՝ պարզապես Հայաստանում շրջելու ու տեսարժան վայրերը տեսնելու:

«Մինչև հիմա որքան եկել եմ, համերգների համար է եղել: Այս անգամ ցանկացա այցելել Հայաստանի գեղեցիկ վայրերը, օրինակ՝ Տաթև: Ցանկանում եմ ծանոթանալ Հայաստանին: Այս նպատակով եմ եկել, բայց 4 օր է այստեղ եմ, և դժբախտաբար, որևէ բան տեսնելու ժամանակ չեմ ունեցել (ծիծաղում է): Հաջորդ շաբաթվանից անպայման պետք է սկսեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ առիթն օգտագործելու է հայկական անձնագիր ստանալու համար. այն իրեն հանձնվելու է երկուշաբթի՝ հուլիսի 3-ին:

Ըստ երգահանի՝ ինքը հայտնի է դարձել, որպես մանկական երգեր գրող, և երեխաներին նվիրված իր ստեղծագործությունները հաջողություն են վայելում, քանի որ դրանք պարզ են:

«Պարզ երգեր են, պարզ բառեր են, երեխաներին հասկանալի երաժշտություններ: Չեմ ուզում բարդ երգեր գրել, մանավանդ երեխաների համար: Եվ երևի մի փոքր էլ բախտի հարցն էր. ճիշտ ժամանակին եմ եկել Հայաստան՝ 1988-89 թթ., երկրաշարժից հետո: Երեխաների ժպիտը տեսնելով մանկական երգեր գրելու ցանկություն առաջացավ: Մինչև այդ ես երբեք երեխաների համար երգ չէի գրել: Եվ այդպես երգահանի իմ կերպարը փոխվեց. եղավ «Ճկույթիկը»: Հարազատներս մինչև հիմա ինձ ճկույթիկ են կոչում: Հիմա «Ճկույթիկին» հավասար այլ երգ պետք է գրենք»,- ասել է նա, գրում է Armtimes.com-ը:

Յորգանցը պատմել է, որ այդ երգը գրել է շատ կարճ ժամանակում, սակայն հաջողությունը երկարատև է, և հուսով է, որ կշարունակվի:

«Բառերը գտա գրքի մեջ, ավելացրեցի «ճկույթիկ, ճկույթիկ, իմ մատիկն է այս», և մեղեդին ստեղծվեց 4 րոպեի ընթացքում: Հուսով եմ՝ մյուս սերունդները կշարունակեն լսել երգը»,- ասել նա:

Մարթեն Յորգանցը ծնվել է Ստամբուլում 1946-ին: ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր է։ Սովորել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով։ Իր երգերի հեղինակը ինքն է, ունի ավելի քան 30 մանկական երգ:Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ երգիչ։ Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր։ Յորգանցի երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալական և ֆրանսիական երգեր։

Թողարկել է 24 ձայնասկավառակ։

1976 թվականին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է Cappadocia ռեստորանը: 1980 թվականին Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել։ Այժմ այն փակ է։ Սպիտակի երկրաշարժից հետո հադես է եկել «100 երգ հայ երեխաների համար» նախագծով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---