Գլխավոր դատախազը մեկնաբանել է SAS-ի ժողովի գործը կարճելու հավանականությունը

Գլխավոր դատախազը մեկնաբանել է SAS-ի ժողովի գործը կարճելու հավանականությունը

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ SAS-ի ժողովի աղմկահարույց գործը կարող է կարճվել՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով:

Գործն ավելի քան երկու ամիս ի վեր քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), ու մինչև հիմա գործով մեղադրյալներ չկան:

«Ես գիտե՞ք երբ կբացառեի: Երբ որ արդեն որոշում լիներ: Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում», - ասել է Դավթյանը, մեջբերում է «Ազատությունը» ռադիոկայանը:

Խորհրդարանական ընտրություններից հետո Hayastan 24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել SAS-ի սեթականատեր Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովել է մոտ 12 հազար ձայն: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ ՀՔԾ-ն չի տրամադրում՝ նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով:

Գլխավոր դատախազը նույնպես շատ չի ծավալվել. հարցին, թե արդյոք իրականացվել է Արամ Սարգսյանի ձայնը նույնականացնելու փորձաքննություն, Դավթյանը պատասխանել է. «Քանի որ հիմա նախաքննության փուլում է գտնվում քրեական գործը, դրանով ձեռք բերված տվյալներ, բնականաբար... Արտակի եղբայր, մյուս փաստարկներ, հակափաստարկներ... ճիշտ չի լինի, որ հրապարակեմ, որովհետև դա օրենքով սահմանված արգելք է»:

Հարցին, թե ինչպես է, որ մինչև հիմա գործով որևէ մեղադրյալ չկա, չէ՞ որ ժողովին, լրատվամիջոցների պնդմամբ, երկու հարյուրից մարդ էր մասնակցել, Գլխավոր դատախազն արձագանքել է. «Գիտե՞ք իմ պատասխանը տալը ինչով ա վատ: Բոլորս լսել ենք, չէ՞, որոշակի խոսակցություններ: Եթե ես հիմա փորձեմ այդ հրապարակած սպառնալիքներին տամ իրավական գնահատականներ, դա ողջամտորեն կդիտվի որպես ներազդեցություն վարույթն իրականացնող քննիչի, այդ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ»:

Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ հետևում են աղմկահարույց գործերին, հետամուտ են լինելու ոչ պատշաճ քննության յուրաքանչյուր դեպքի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---