Ասիական բանկը ՀԷՑ-ին $80 մլն վարկ է տրամադրել

Ասիական բանկը ՀԷՑ-ին $80 մլն վարկ է տրամադրել

PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը:

Վարկը տրամադրվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

«Ավելի արդյունավետ և հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարևոր է Հայաստանում տնտեսական աճի համար», – ասել է ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը՝ հավելելով . «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ- ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի և գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:

ՀԷՑ-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որը հիմնվել է 2002թ-ին, էլեկտրաէներգիայի բաշխման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների մասնավորեցման և միաձուլման արդյունքում: Այն էլեկտրաէներգիայի արտոնագրված բաշխողն է և սպասարկում է Հայաստանի ամբողջ տարածքում:

Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ-ի մոտ 10% -ից մինչև 2021թ-ը հասցնելով 8%-ի:

ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ:

ԱԶԲ-ն, որը հիմնված է Մանիլայում, նվիրված է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցման գործին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---