Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - 87 տարի առաջ՝ 1930 թվականի հուլիսի 4-ին, ծնվել է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը՝ Ֆրունզիկը:

«Դերասանը պետք է կարողանա ամեն ինչ խաղալ: Նա մարդուն է ներկայացնում, որի մեջ և արցունքներ կան, և ծիծաղ, և հումոր»,-ասում էր Մկրտչյանը:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո`1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում: Ցավոք, նրա աչքերի տխրությունը անձնական կյանքի ցավերի արտահայտությունն էր, քանի որ դերասանը այդպես էլ երջանիկ չեղավ:

Եթե Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ապա սովետական մյուս կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերեր մարմնավորելու համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։ Նա «Միմինո» ֆիլմի միակ դերասանն էր, որն արժանացել էր ՍՍՀՄ պետական պարգևի: Չնայած հաջող կարիերային, մեծ դերասանի անձնական կյանքը ողբերգական էր, նրա մեծ ցավն արտացոլված էր նրա աչքերում:

«Ֆրունզը մահ էր տենչում, երազում էր դրա մասին` դաժանորեն ճնշելով կյանքի բոլոր բնազդները: Նրան ոչ ժամանակը կործանեց, ոչ էլ սերը գինու ու ծխախոտի հանդեպ…Ոչ, նա գիտակցաբար մահ էր փնտրում` ուժ չունենալով դիմանալու որդու և կնոջ հիվանդությանը: Ֆրունզիկը մահացավ Ամանորի շեմին, և դեկտեմբերի 31-ին հայերն առաջին բաժակը լուռ էին բարձրացնում…Շրջափակման տարիներն էին, տներում լույս չկար, և բոլորին թվում էր, թե սա աշխարհի վերջն է»,- ասել է դերասանի եղբայրը` Ալբերտ Մկրտչյանը:

Մհեր Մկրտչյանը վախճանվել է 1993թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:

Դերասանը հուղարկավորված է Կոմիտասի անվան Պանթեոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---