Սասունյան. ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

Սասունյան. ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարվա ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նշվում է, որ Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

Լրագրողի տեղեկությունները հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա. «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների և թռիչքի և/կամ վայրէջքի դիվանագիտական ​​ձևակերպումների համար Բուլղարիայում և եվրոպական շատ այլ երկրներում», ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների:

Ըստ Գայտանջիևայի ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական ​​թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների և զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկաններից, Իսրայելից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM) և Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին Աֆղանստանում և Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական ​​թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից և հարկերից, այսինքն, Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների»:

Սասունյանն իր հոդվածում նշում է, որ գաղտնազերծված փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից օգտագործելու նպատակով: Երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակությամբ ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:

«Զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել և նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն)»:

Գայտանջիևան հայտնաբերել է, որ միայն 2017 թ. ապրիլին և մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական ​​թռիչքով տեղափոխել են 282 տոննա նռնակ», - գրում է Սասունյանը:

Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդ Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արևմտյան զենքի իր զինանոցին: 2016 և 2017 թվականներին Բուլղարիայից, Սերբիայից և Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական ​​թռիչքներ են իրականացվել Ջեդդա և Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի թագավորություն տեղափոխվել են Silk Way ավիաընկերության միջոցով և Սիրիայում ու Եմենում հայտնվել զինյալների ձեռքում, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է, ըստ Գայտանջիևայի:

Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիների առաքման հետ կապված, որոնք հայտնվել էին Սիրիայում զինյալ խմբերի կողմից տեղադրված առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից:

2017 թ. փետրվարին և մարտին Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել Բաքվից Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով: Բեռը ներառում էր 27.350 հատ 128 մմ հրթիռներ և 10.000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի հրթիռներ:

«Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկ գումարով, ինչը կարող է բացատրել Ալիևի և նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստությունը:

Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Ծիծաղելի է, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին՝ Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար:

Սա հերթական սովորական հոդված չէ, որ պետք է կարդալ ու մոռանալ... ԱՄՆ Կոնգրեսը և եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն և հետաքննեն այս հսկայածավալ զենքի առաքումները, որոնց մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արևելքում և այլուր», - գրում է Սասունյանը:

 Ուշագրավ
---