Նախարար. Աբխազիայով և Հարավային Օսիայով առևտրային միջանցքը կհեշտացնի բեռնափոխադրումները

Նախարար. Աբխազիայով և Հարավային Օսիայով առևտրային միջանցքը կհեշտացնի բեռնափոխադրումները

PanARMENIAN.Net - Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող առևտրային միջանցքի կառուցումը Հայաստանի համար կհեշտացնի բեռնափոխադրումների գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Դա շարունականան բնույթ է կրում և առաջինը կախված է ռուս-վրացական հարաբերություններից: Երկու կողմից էլ աշխատանքներ են տարվում», - ասել է նախարարը՝ նշելով, որ մոտ ժամանակներում կլինի արդյունք, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կներգրավվի բանակցություններում՝ նախարարը նշել է. «Ռուս-վրացական-շվեյցարական աշխատանքային խումբն աշխատում է: Վերջին հանդիպումը եղել է Պրահայում և տարբեր հանդիպումների ընթացքում հավանաբար կլինեն առաջարկներ»:

Խոսելով դրա արդյունքում ապրանքաշրջանառության աճի հեռանկարի մասին՝ նախարարը ասել է, որ կլինի այլընտրանքային ճանապարհ, բեռնափոխադրուները կհեշտանան, կլինի մրցակցություն՝ որ ճանապարհով գնա ապրանքը, ինչը կհանգեցնի նաև գների տարբերության թե՛ ներմուծումից, թե՛ արտահանումից: Անդրադառնալով այն հարցին, թե առևտրային միջանցքները կներառեն արդյոք նաև աբխազական երկաթուղին՝ նախարարը նշել է, թե այդ մասով դեռևս որոշակիություն չկա` ընդգծելով, որ բոլոր քննարկումները զուգահեռ ընթանում են:

Ինչ վերաբերում է առևտրային միջանցքի ստեղծման վերջնաժամկետին, ապա նախարարը նշել է. «Մենք միայն կարող ենք հուսալ, որ դա կլինի շատ արագ»:

Հուլիսի 11-ին Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Այդ մասին հայտնի է դարձել Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև բանակցությունների արդյունքում:

Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար: Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---