Սարգսյանը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին. «Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել» (վիդեո)

Սարգսյանը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին. «Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել»

PanARMENIAN.Net - Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու խնդիրը՝ հայ ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այսպես է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար», - հայտարարել է Սարգսյանը, գրում է Aysor.am-ը:

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին կարծիքները ՀՀ նախագահը «ծայրահեղ վտանգավոր խոսքեր» է համարել, ինչը «ծայրահեղ բարդ իրավիճակ կարող է ստեղծել»։

«Ոչ թե այդ խոսքերը միայն, այլ գործողությունները։ Իսկ երբ որ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք այդպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ», - ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը ոչ թե խզելու, այլ անվտանգության քաղաքականության հարցերի առումով դիվերսիֆիկացնելու մասին է, Սարգսյանն արձագանքել է. «Այսինքն՝ այդ ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել։ Իսկ ի՞նչ է՝ մենք միայն էսպես սևեռված ենք ՀԱՊԿ-ի՞ վրա, մենք միայն սևեռված ենք Ռուսաստանի՞ վրա, մենք չունե՞նք հարաբերություններ Եվրամիության հետ, մենք չունե՞նք հարաբերություններ Եվրամիության անդամների հետ»։

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև «Իսկանդերի» առկայությանը հայկական զինուժի զինանոցում: «Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում»:

Հուլիսի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արդիական սպառազինության և զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից:

Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, նորագույն ռազմական միջոցներն առաքվել են Ադրբեջան ըստ երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության:

Բաքվի նավահանգստում ստացել են մեծաքանակ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումներ, որոնք նախատեսված են համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար: Ինչպես հայտնում է Razm.info-ն, հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ: Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400 միավոր նման հրթիռ:

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանն էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---