«ՍՊՍ Սիգարոն». Օդեսսայում սիգարետի խմբաքանակի առգրավումն անօրինական է

«ՍՊՍ Սիգարոն». Օդեսսայում սիգարետի խմբաքանակի առգրավումն անօրինական է

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, և կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne և CENTER ապրանքատեսակները:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը կեղծիք է, «և ընդամենը մի օղակն է ապօրինությունների և ամենաթողության այն շղթայի, որը գործի է դրվել Օդեսսայի մաքսատան և Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից, խոչընդոտելու «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կողմից իրականացվող արտահանման գործնթացին»:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 21-ին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ և անթերի փաստաթղթային ձևակերպումներով Լեհաստանի Հանրապետություն արտահանվող սիգարետի խմբաքանակին:

«Ուկրաինական պետական ատյանների կողմից միջազգային տնտեսական փոխհարաբերությունների կոպտագույն խախտմամբ և իրավական որևէ խելամիտ հիմնավորման իսպառ բացակայությամբ իրականացվող քայլերին շատ ավելի մանրամասն կանդրադառնանք հուլիսի 18-ին՝ ժամը 12.00-ին, ասուլիսի ընթացքում, որի հիմնական նպատակն է մեր գործարարներին խորհրդատվության կարգով ներկայացնել բոլոր այն խոչընդոտներն ու ապօրինությունները,որոնց կարող են հանդիպել Ուկրաինայի տարածքում բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում։

Շուրջ երկու ամիս մենք ինքնուրույն փորձել ենք պաշտպանել ընկերության շահերը Ուկրաինայի Հանրապետության պետական մարմինների ոտնձգություններից, բայց Հայաստանը դիտարկվում է որպես մաքսանենգությանն աջակցող պետություն, որտեղ ապահովագրական համակարգը կարող է մաքսանենգ ապրանք ապահովագրել, իսկ մաքսային մարմինները կարող են թույլ տալ այդ ապրանքն արտահանել:

Միայն մեկ փաստ, որը բացահայտում է ուկրաինական պետական մարմինների կեղծիքը. Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից հրապարակված լուսանկարում պարզ երևում է մեր կողմից արտադրված սիգարետի տուփի վրա առկա ակցիզային դրոշմանիշը, իսկ այն տուփերի վրա, որտեղ դրոշմանիշը չի երևում, ընդամենը դիրքի խնդիր է՝ դրոշմանիշները տուփի վրա այդ դիրքից պարզապես չեն կարող երևալ:

Մեր ընկերության կողմից արտահանվող սիգարետների վրա ակցիզային դրոշմանիշների բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը պարզապես չէր փակի ժամանակավոր ներմուծման հայտարարագիրը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ եւ եվրոպական երկրներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---