Ինչ տեսք ունեն հազվագյուտ հայկական մետաղադրամները

Ինչ տեսք ունեն հազվագյուտ հայկական մետաղադրամները

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է, որ քննարկվում է հիբրիդային թղթադրամներ շրջանառության մեջ մտցնելու մասին, որոնք պաշտպանության մի քանի աստիճան կունենան: Դրանք շրջանառության մեջ կդրվեն աստիճանաբար, հին նմուշի թղթադրամների մաշվելուն և շրջանառությունից դուրս գալուն զուգահեռ:

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

ՀՀ թղթադրամների դիզայնի փոփոխության կապակցությամբ PAN-ը որոշել է ներկայացնել հայկական մետաղադրամների մի քանի նմուշ:

Ամենաառաջին հայկական դրամներն են համարվում Ծոփքի (հունարեն՝ Sophene) հայ թագավորների հատած դրամները, որոնք ընդունված է թվագրել մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսով, որոնց եզակի նմուշներ են հասել մեր օրեր: Ծոփքի տիրակալների թագովորության շրջանում հատված մեղատադարմներն կատարված են հելլենական ոճով:

Մետաղադրամների դիմերեսին, որպես կանոն, պատկերվում էր տիրակալի պատկերը՝ թագավորի կիսադեմը, հատկանշական սրածայր սաղավարտով: Դարձերեսի պատկերները կարող էին լինել տարբեր՝ թագավորին խորհրդանշող հեծյալի, արծվի, դիցաբանական բնույթի պատկերներով և խորհրդանշաններով: Առկա մակագրությունները՝ արքայի անունն ու տիտղոսը կատարված են հունարեն գրերով:

Ծոփքի թագավորության շրջանի մետաղադրամներ

Արտաշեսյանների արքայատոհմի առաջին թագավորների մետաղադրամները մեզ չեն հասել. հավանաբար, նրանք մետաղադրամներ չեն հատվել: Կարծիք կա, որ մեզ հասած արքայատոհմի վաղ շրջանի մետաղադրամները վերագրվում են Տիգրան Առաջինին (մ.թ.ա. 123-96 թթ.): Հայտնի են միայն այդ թագավորի օրոք հատված պղնձե մետաղադրամները: Արտաշեսյանների արքայատոհմից մեզ հասած մետաղադրամների հիմնական մասը Տիգրան Երկրորդի (մ.թ.ա. 95-56 թթ.)՝ պատմությունից հայտնի Տիգրան Մեծ անունով, արքայի դրամներն են: Տիգրան Մեծի օրոք Հայաստանը հասավ հզորության ու բարգավաճման գագաթնակետին:

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ

Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:

Արտաշատի պղնձադրամները

Արտաշատի քաղաքային դրամների վրա պատկերված էին դիցաբանական պատկերներ՝ քաղաքի պահապան դիցուհի Տիխեն բրգաձև թագով, Նիկե աստվածուհին, արմավենու ճյուղ և այլն: Մակագրությունները մետաղադրամների վրա հունարեն էին՝ նշված էր մայրաքաղաք Արտաշատի անվանումը: Սասանյանների կառավարման շրջանի մետաղադրամները՝ դրախմաները, մեծ տրամագծով, բարակ արծաթե թիթեղներ են: Սասանյան դրախմայի դիմերեսին գահակալի պատկերն է, իսկ դարձերեսին՝ կրակի պահապան երկու զինվորների պատկերները: Մետաղադրամներին առկա մակագրությունները կատարված են պահլեվերեն:

Սասանյանների արծաթե դրահմերի դիմերեսը

Հայտնի է Բագրատունիների Լոռվա ճյուղի Կյուրիկե Երկրորդ (1048-1089 թթ.) արքայի պղնձե մետաղադրամը: Այդ մետաղադրամի մեզ հասած նմուշները շատ փոքրաթիվ են և հազվագյուտ են: Իրենց տեսակով և ձևավորմամբ Կյուրիկե Երկրորդի մետաղադրամը շատ նման է նույն շրջանի բյուզանդական տիրակալների մետաղադրամներին: Կյուրիկե Երկրորդի մետաղադրամի առանձնահատկությունն այն է, որ այն մեզ հայտնի ամենահին մետաղադրամն է, որի արձանագրությունները արված են հայերեն լեզվով: Մետաղադրամի դիմերեսին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերը մինչև գոտկատեղը, իսկ դարձերեսին՝ մի քանի տողից բաղկացած հայերեն գրություն է:

Կյուրիկե Երկրորդի պղնձե մետաղադրամի դիմերեսն ու դարձերեսը

Շատ հետաքրքիր են Հեթում Առաջինի օրոք տարածված սովորական (Հեթում-Զաբել) արծաթե մետաղադրամները: Մետաղադրամի վրա ամբողջ հասակով պատկերված են Հեթում արքան ու նրա գահակից Զաբել թագուհին, որն առաջին կիլիկյան արքա Լևոն Առաջինի դուստրն էր: Սա միակ կիլիկյան մետաղադրամն է, որի վրա թագուհի է պատկերված, ընդ որում այդ մետաղադրամը բավականին տևական ժամանակ հատվել է նաև Զաբել թագուհու մահից հետո:

Արքա Հեթում Առաջինի արծաթե մետաղադրամի դիմերեսը

Բարձր հարգի արծաթե դրամները, որոնք դրամահատվել են Լևոն Առաջինի, Հեթում Առաջինի ու Լևոն Երկրորդի օրոք, կոչվում էին դրամ՝ հունական դրահմից: Հաջորդ արքաների օրոք հատվում էին արծաթե ցածր պարունակությամբ դրամներ, որոնք կոչվում էին թագվորին՝ իտալական մետաղադրամի անվանումից:

Արքաներ Լևոն Առաջինի ու Հեթում Առաջինի պղնձե դանգերի դարձերեսները

Հայտնի են մանր արծաթե մետաղադրամների թողարկումներ, որոնք հայտնաբերվել են Հայաստանում և հարակից տարածքներում՝ դրանք հատել են Ջելաիրյանների, կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի ներկայացուցիչները: Հայաստանի Կենտրոնական բանկի հավաքածուում կա ակկոյունլու ցեղի հետաքրքիր փոքր արծաթե մետաղադրամ, որը հատվել է Անիում և արաբերեն մակագրություններ ունի:

Ակկոյունլու ցեղից Ուզուն Հասանի մետաղադրաըմ, որը դրվագվել է Անիում

Խորհրդային շրջանում թողարկվել են Հայաստանին նվիրված մետաղադրամներ՝ «Երկրաշարժ», «Մատենադարան» և «Սասունցի Դավիթ»:

3 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամը նվիրված է 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ Հայաստանին ցուցաբերված համաժողովրդական աջակցությանը:

Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1989-ի դեկտեմբերի 7-ին:

5 ռուբլի անվանական արժեքով հուշադրամի վրա պատկերված է Մատենադարանը:

Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1990-ի հոկտեմբերի 31-ին:

5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամի վրա պատկերված է Երևանում տեղադրված Սասունցի Դավթի արձանը:

Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1991-ի նոյեմբերի 13-ին:

100 դրամ անվանական արժեքով «Եղիշե Չարենց-100» հոբելյանական մետաղադրամը նվիրված է բանաստեղծի ծննդյան 100-ամյակին:

Հոբելյանական մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1997-ի հոկտեմբերի 6-ին:

Հայաստանի Հանրապետության առաջին ոսկե մետաղադրամը, որի անվանական արժեքը 25 000 դրամ է, նվիրված է Անահիտ աստավծուհուն: Հայաստանում Անահիտը համարվել է գլխավոր աստվածուհին, մայրության, արգասավորության ու պտղաբերության խորհրդանիշն է հին հայկական դիցարանում: Ատամնավոր դրամաշուրթով հուշադրամը շրջանառության մեջ է դրվել 1997-ի հուլիսի 5-ին Կենտրոնական բանկի Խորհրդի հուլիսի 4-ի որոշմամբ:

Անահիտ աստվածուհու պատկերով հոբելյանական մետաղադրամ, 1997 թ.

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---