Փոխնախար. Արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում նախատեսվում է ավելացնել 42-45%-ով

Փոխնախար. Արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում նախատեսվում է ավելացնել 42-45%-ով

PanARMENIAN.Net - Կառավարության նպատակն է ստեղծել այնպիսի տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում էապես ավելացնել Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեության ծավալները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ ներկայացնելով կառավարության 2017-2022թթ. ծրագրով իրականացվելիք միջոցառումները:

Նա նշել է, որ արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում նախատեսվում է ավելացնել մինչև 42-45%: «Այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է մեր արտահանման ներկայիս ծավալները կրկնապատկել: Եթե 2016-ին ունեցել ենք 3,5 մլրդ դոլարի արտահանում, ապա պետք է մինչև 2022թ-ն ապահովենք 6,5-7 մլրդ դոլարի արտահանում: Մեր կարծիքով դա հավակնոտ, բայց իրատեսական ցուցանիշ է, որն ապահովելու համար նախատեսված է հստակ միջոցառումների ծրագիր»,- ընդգծել է փոխնախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Փոխնախարարի խոսքերով՝ այդ ամենին հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե տնտեսությունը լինի մրցունակ, ապահովված լինի դրան նպաստող ինստիտուցիոնալ հիմքերով և ունենա արտաքին մարտահրավերներին դիմագրավելու կարողություններ,

Հովհաննես Ազիզյանը հայտնել է, որ բոլոր գործարարները, որոնք կիրականացնեն նոր ներդրումներ, կարտադրեն ու կարտահանեն մրցունակ արտադրանք, կստեղծեն նոր աշխատատեղեր, լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մշակելու ենք նրանց ծրագրերի օժանդակության այնպիսի գործիքակազմ, որն արդյունավետ լրացում կդառնա այդ ծրագրերի իրագործման համար»,- ասել է փոխնախարարը:

Ազիզյանը հավելել է նաև, որ 2018-ի հունվարի 1-ից կներդրվի ինքնահայտարարագրման համակարգ, որը հնարավորություն կտա առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու մինչև 6000 եվրո արտահանում իրականացնել ԵՄ մեկ անգամ ինքնահայտարարագրումից հետո:

Հաջորդը վերաբերում է տարբեր երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացին:

«Դա իրականացվում է ԵՏՄ-ի շրջանակներում և ներկայումս բանակցություններ են ընթանում Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի տեղական արտադրողները զրոյական մաքսատուրքով իրենց արտադրանքն արտահանեն»,- ընդգծել է ՏԶՆ փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայումս Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում և Հայաստանը հանդես է գալիս որպես նախաձեռնող:

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $803.9 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 5 ամսվա ցուցանիշը 20.9%-ով:Մայիս ամսին արտահանումը կազմել է $195.5 մլն: Ապրիլի համեմատ աճը կազմել է 18.3%, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 38.7%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---