«Գահերի խաղի» հեղինակները սերիալ կնկարահանեն ԱՄՆ մասին, որտեղ չեն հրաժարվել ստրկատիրությունից

«Գահերի խաղի» հեղինակները սերիալ կնկարահանեն ԱՄՆ մասին, որտեղ չեն հրաժարվել ստրկատիրությունից

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Ուայսը նոր ֆանտաստիկ բազմասերիանոց հեռուստաշոու կնկարահանեն ԱՄՆ այլընտրանքային պատմության մասին: Այդպիսի հայտարարություն են արել HBO հեռուստաալիքի ներկայացուցիչները:

Նոր սերիալը կկոչվի «Կոնֆեդերատը»: Ըստ սյուժեի, ԱՄՆ-ն իր ժամանակակից տեսքով գոյություն չունի, ստրկատիրությունը չի վերացել, իսկ Ամերիկայի հարավային նահանգներին հաջողվել է անկախանալ: Բենիոֆն ու Ուայսը կլինեն սերիալի սցենարիստներն ու ռեժիսորները: Նրանք կշարունակեն աշխատել HBO-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարավային նահանգների համադաշնությունը՝ կոնֆեդերացիան, որի նախագահն էր Ջեֆերսոն Դևիսը, գոյատևել է ժամանակակից ԱՄՆ տարածքում 1861-1865թթ.: ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի (1861-1865) ժամանակ ստրկատիրական Հարավի զինվորները, որոնց կոնֆեդերատներ էին անվանում, կռվում էին Հյուսիսի ներկայացուցիչների դեմ: Պատերազմը նրանք տանուլ տվեցին, ստրկատիրությունը վերացավ:

«Մենք տարիներ շարունակ քննարկել ենք «Կոնֆեդերատի» գաղափարը, սկզբնական շրջանում որպես գեղարվեստական ֆիլմի հայեցակարգ: «Գահերի խաղի» վրա աշխատելու փորձը համոզեց մեզ, որ ոչ ոք չի կարող սյուժեի շարադրման համար HBO-ից ավելի լավ հնարավորություններ առաջարկել», -նշել են Բենիոֆն ու Ուայսը:

Ինչպես նշել են հեռուստաալիքի ներկայացուցիչները, իրադարձությունները, որոնց մասին խոսք է գնալու սերիալում, կներկայացվեն ստրկատիրության չեղարկման կողմնակիցների, քաղաքական գործիչների, լրագրողների, ստրկատերերի ու ազատության համար պայքարողների տեսակետից: «Կոնֆեդերատի» ցուցադրությունը կսկսվի «Գահերի խաղի» ավարտից հետո:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի առաջին սերիան ռեկորդային է դարձել դիտումների քանակով

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---