Վարչապետը հանձնարարել է պարզեցնել լիցենզիաների տրամադրման գործընթացը

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել լիցենզիաների տրամադրման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հուլիսի 20-ի նսիտում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը:

Անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին:

Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն:

Ավելին` որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---