Նատալյա Վոդյանովան՝ PicsArt-ի նվաճումների տնօրեն

Նատալյա Վոդյանովան՝ PicsArt-ի նվաճումների տնօրեն

PanARMENIAN.Net - PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի՝ PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես նվաճումների տնօրեն՝ Վոդյանովան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի և կոգեշնչի PicsArt համայնքին։ Նա ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

«Ուրախ ենք ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում», - ասել է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Նա հավելել է. «Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»:

Նատալյա Վոդյանովան, իր հերթին, ասել է. «Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը»։

«Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարևոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», - հավելել է Վոդյանովան։

Նշենք նաև, որ Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում:

PicsArt-ի էջի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր և մրցույթներ կազմակերպել:

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավելի ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ մեկ միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ մանրամասների համար այցելեք www.picsart.com կայք։

Նատալյա Վոդյանովան՝ հայտնի նաև «Սուպերնովա» կեղծանունով, վերջին 15 տարիների նորաձևության աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից է։ Վոդյանովան մասնակցել է հարուրավոր քայլքերի և ամենահայտնի նորաձև բրենդների՝ H&M, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, David Yurman արշավներին:

Նա նաև հայտնի է որպես բարերար ու բարեգործ: Նատալյայի բարեգործական կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Մերկ սրտեր»), որը հիմնադրվել է 2004-ին, աշխատում է հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ, ստեղծում հատուկ խաղահրապարակներ և զբոսայգիներ: Վոդյանովան նաև Elbi բարեգործական հարթակի հիմնադիրն է։ Elbi-ին բարեգործական հարթակի միջոցով յուրաքանչյուրը կարող է բարեգործական գործողություն իրականացնել՝ գումար փոխանցել, ոգեշնչող նամակներ ու նկարներ ուղարկել կարիքավորներին և այլն։ Նատալյան նաև հանդիսանում է Special Olympics International-ի տնօրեների խորհուրդի անդամ։ Նա նաև մասնակցել է մի շարք բարեգործական ու հանրային ծրագրերում, ինչպիսիք են օրինակ՝ Clinton Global Initiative, Global Citizen, First Ladies’ Luncheon, Web Summit, Founders Forum, Millennial Summit և One Young World.

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---