Վ.Օսկանյան. Դաժանությունը, որով սպանվեց Հրանտ Դինքը, որոշակի քաղաքական նպատակներ էր հետապնդում

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագրակազմի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոդված է գրել թերթի խմագիր Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ.Օսկանյանի հոդվածում մասնավորապես, ասվում է. «Ես պետք է խոստովանեմ, որ այս պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագույն ու անմոռանալի ցնցում եմ ապրել. առաջինը 1999 թ.-ին, երբ Հայաստանի կայունությունը վտանգի ենթարկվեց ահաբեկիչների կողմից, իսկ երկրորդը` անցյալ տարի, երբ Հրանտ Դինքի սպանության գույժը հաղորդող հեռախոսազանգ ստացա: Երկու դեպքում էլ դրանք հարձակումներ էին ոչ թե մարդու, այլ` գաղափարների ու արժեքների վրա:



Հրանտի սպանությունը հարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետություն կառուցելու փորձի վրա: Սպանողների թիրախն էր նրա պատկերացումը մի այնպիսի Թուրքիայի վերաբերյալ, որը չի սահմանափակում խոսքի ազատությունն ու հանդուրժում է բաց քննարկումներ, եւ հավասարի պես է ընկալում ազգային փոքրամասնություններին պատկանող իր քաղաքացիներին:



Մենք կարոտով ենք հիշում Հրանտին: Նա տարին մի քանի անգամ Հայաստան էր այցելում: 2006 թ.-ի սեպտեմբերին, երբ խոսեց Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին, նրա ուղերձն այն էր, որ, որպես եվրոպական ընտանիքի անդամներ, Թուրքիան ու Հայաստանը նորմալ հարաբերություններ կարող են ունենալ, քանի որ անգամ չկամեցողները Թուրքիայում կսկսեն երկխոսության համար ուղիներ փնտրել: Սա հաճելի էր լսել, քանի որ համահունչ էր մեր ցանկություններին:



Նա նաեւ ելույթով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության 90 ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին», որը մենք կազմակերպել էինք 2005 թ.-ի ապրիլին Երեւանում: Բոլորը հարգանքով էին ունկնդրում նրա զգացական ու տրամաբանված կոչին` վարելու երկխոսություն, տարանջատելու այսօրվա Թուրքական Հանրապետությունը մոտ 100 տարի առաջ ոճրագործություն գործածներից: Նա կրքոտ կերպով հիշեց, թե ինչպես էր թուրքական իշխանություններին բացատրում, որ հայերն իրենց արմատներն են որոնում, նույն այն արմատները, որ Օսմանյան կայսրությունը թրատեց, երբ փորձեց լիովին բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ ու պոկել նրան իր տնից, մշակույթից ու ավանդույթներից:



Յուրաքանչյուր անգամ, երբ Երեւան էր գալիս, մենք մի քանի րոպե խոսելու ժամանակ էինք գտնում: Շատ կարեւոր էր, որ ես նրանից լսեի Թուրքիայում տիրող տրամադրությունների մասին: Հրանտը հենց այն մարդն էր, ումից կարելի էր հարցնել, քանի որ նա պարզապես Թուրքիայում ապրող մի հայ չէր: Նա հպարտ էր իր երկու` թուրքական ու հայկական ինքնություններով, եւ վիրավորվում ու բարկանում էր, երբ այդ երկուսի միջեւ հաշտության եզրեր գտնելու իր ջանքերի համար նրան մեղադրում էին «թրքականությունը վիրավորելու» մեջ:



Երբ նրան առաջին անգամ 301 հոդվածով «թրքականությունը վիրավորելու» մեղադրանք ներկայացրեցին, ես հարցրեցի, թե արդյոք օգտակար կլինի իմ նամակ գրելը կամ հրապարակավ ելույթ ունենալը: Նա վստահությամբ արձագանքեց, թե. «Իմ շնորհակալությունն ու երախտիքն եմ հայտնում, բայց հոգ մի ընէք, ես մինակս հիմա ինծի կը բավեմ. Առաջ Աստված պայքարս մինչեւ վերջ պիտի տանեմ: »



Հետագայում նա զարմանքով էր նշում, թե «մեկ կողմէ Հայաստանի եւ հայերու կոչ կընեն, որ երկխոսություն ունենան, բայց անդին երկխոսության համար աշխատող իրենց քաղաքացին կդատապարտեն եւ կամ կուզեն չեզոքացնել»:



Հրանտ Դինքն անկեղծ էր ու քաջ, բայց պարզամիտ չէր: Այնուհանդերձ, նա չէր կարող կանխատեսել նման «չեզոքացում»: Նրա անկեղծ ու խիզախ ձայնը լռեցվեց: Ավելին, ոմանք նրա սպանության մեջ պարզ ուղերձ լսեցին, որ այն վտանգը, որն իրենց առջեւ կանգնած է, ավելի խորն է, քան պարզ իրավական դատապարտումը:



Այս ուղերձն այն ձեռքբերումներից մեկն էր, որն այս սպանությունը տվեց Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը երանգավորող ծայրահեղ ազգայնական միջավայրի ձ-ավորմանը ներդրում ունեցողներին: Կարծում եմ Հրանտի սպանության դաժանությունը, անպատժելիությունը - բռնությունը մի քանի քաղաքական նպատակի է ծառայում: Առաջինը, նվազեցնել Եվրոպայի հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ, ինչը հենց այն է, ինչ ոմանք թուրքական քաղաքական շրջանակներում ցանկանում են տեսնել: Երկրորդը, վախեցնել հայերին ու Թուրքիայի այլ փոքրամասնություններին, որպեսզի նրանք չհետապնդեն իրենց քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Երրորդը, վախեցնել այն հանդուգն թուրքերին, որոնք ամենայն անկեղծությամբ սկսում են ուսումնասիրել այս խրթին ու զգայուն հարցերը:



Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակ պնդել ենք, որ թեեւ մե`նք ենք պատմական անարդարության զոհերը եւ մե`նք ենք Թուրքիայի կողմից փակ պահվող սահմանի մյուս կողմում գտնվում, սակայն, ցանկացած ժամանակ պատրաստ ենք երկխոսության մեր հար-անի հետ ցանկացած հարցի շուրջ այն պահին, երբ մեր միջեւ բնականոն հարաբերություններ կհաստատվեն եւ այն ժամանակ, երբ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը կբացվի, եւ մյուս կողմում ինչ-որ մեկը կցանկանա գործնական խոսել: Մենք պատրաստ ենք:



Մի տարի առաջ մեզ հուզեց մարդկային խորը ցավի հորդումը թուրքական հասարակության բոլոր շերտերում, հատկապես նրանց մոտ, ովքեր սարսափել էին մի երիտասարդի կողմից այդպիսի բռնության իրականացումից եւ դա դիտարկում էին որպես հաջորդ սերնդում ատելության ու թշնամության շարունակություն:



Հրանտ Դինքի ընտանիքը, նրա գործընկերներն «Ակոս»-ում ու նրա շուրջ, նրա ընկերները Հայաստանում ու Թուրքիայում փոքր-ինչ կսփոփվեն գիտենալով, որ այսօր ու վաղը, համոզմած եմ, Հրանտին կհիշեն եւ հայերը, որոնք կիսում են ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու ներդաշնակության մասին նրա պատկերացումը, եւ թուրքերը, որոնք կիսում են հարեւանների ու պատմության հետ խաղաղ ապրելու նրա երազանքը»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---