Ապօրինի ներկրման գործով ՊԵԿ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել

Ապօրինի ներկրման գործով ՊԵԿ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ավարտվել է գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և մի շարք տնտեսվարողների թույլ տվել առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լևոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու շահադիտական նկատառումով թույլատրել է վերջինիս կողմից առևտրային քանակի ապրանքի ներկրումը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ, իր հերթին, Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու և նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, քողարկել է հանցագործության փաստը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները:

Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաև Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, ով մեկ այլ տնտեսվարող Գևորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար, պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը` թույլատրելով առանց մաքսային ձևակերպումների գյուղատնտեսական ապրանք ներկրել ՀՀ: Ավելին, մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչը` Խաչիկ Հակոբյանը, Գևորգ Ալեքսանյանից գումար ստանալու շահադիտական նկատառումով, վերջինիս բեռը չի ենթարկել լաբորատոր հետազոտությունների և թույլատրելի չափաքանակը գերազանցող ապրանքի համար մաքսատուրքի վճարման պահանջ չի ներկայացրել:

ՊԵԿ–ի հիշյալ մաքսային տեսուչների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի բնականոն գործունեությունը և հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Այսպիսով, ՊԵԿ մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանին, Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին և Խաչիկ Հակոբյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Այնուհետև տարբեր խանութներում, միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ հայտնաբերվեցին: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---