Իսրայելցի գործարարները մտադիր են Հայաստանում կաթի վերամշակման գործարան հիմնել

Իսրայելցի գործարարները մտադիր են Հայաստանում կաթի վերամշակման գործարան հիմնել

PanARMENIAN.Net - Իսրայելի կառավարությունը մտադիր է զարգացնել գործակցությունը Հայաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման գործարան: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով, որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:

«Մենք մշտապես բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները, որոնք կակտիվացնեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են և հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև իսրայելական ընկերությունները»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Ցախի Հանեգբին իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը` շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական» ոլորտն է:

Երկու երկրների պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև ոռոգման, կաթի արտադրության և վերամշակման, ջերմոցաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հյուրերը տեղեկացրել են, որ Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման գործարան, ինչպես նաև երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար` իսրայելական գյուղատնտեսության փորձին ծանոթանալու և նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:

Ցախի Հանեգբին հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցելել Իսրայել` մասնակցելու «Ուոթերթեք» և «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սոդիալ» ֆրանսիական ընկերությունը մտադիր է կաթնամթերքի արտադրությունհիմնել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը: Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։

Ընթերցեք նաև. Վարչապետը կարևորում է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը

Երևանում քննարկվել են հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---