Սոցփաթեթի շահառուները կապահովագրվեն

Սոցփաթեթի շահառուները կապահովագրվեն

PanARMENIAN.Net - Առողջապահության ոլորտի պետպատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման նպատակով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, կապահովագրի սոցիալական փաթեթի շահառուներին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, ինչը թույլ կտա նաև առավել նպատակային և արդյունավետ օգտագործել պետբյուջեի միջոցները:

Հիմնավորման համաձայն, ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար պետբյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ:

Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս: Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել բժշկական հաստատությանը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցփաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ: Արդյունքում, շատ դեպքերում շահառուները ստիպված օգտվում են վճարովի ծառայություններից:

Այսպիսով, փոփոխություններով առաջարկվող մոդելով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում: Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները:

Շահառուին բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ցանկը, բժշկական ծառայությունների գնացուցակը սահմանում է նախարարությունը: Արդյունքում պետբյուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան շուրջ 100 հազար շահառուի սոցփաթեթի շրջանակում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը: Նախատեսվող կրկնակի վերահսկողության մեխանիզմի շնորհիվ, բացի նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: Վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում համակարգի ամբողջական ներդրումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Նախատեսված է վեց ամիս հետևել այս ծրագրի իրականացման ընթացքին, որից հետո ծրագրում կընդգրկվեն սոցիալապես անապահով խավի 612.000 ներկայացուցիչները: Մեկ տարի մշտադիտարկումից հետո կառաջարկվի Պարտադիր ապահովագրության մասին օրենքը», - հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2017-ի հոկտեմբերից Հայաստանում բնակչության առանձին խմբերի համար կներդրվի բնակիչների բժշկական ապահովագրություն: «Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել էր Լևոն Ալթունյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---