Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձինս ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի, սեպտեմբերին նախատեսվում է Ավետիսյանի «Վերջին բնակչի» ներկայացումը և ցուցադրություններն Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակում։

Նախատեսվում են նաև հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ` «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։

«Հայկական կինոյի զարգացման որակական նոր վերելք է պետք ամրագրել աշխարհում: Փորձում եմ անել դա իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վերհանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան խնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և գործակցությունների համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլև պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝ հատկապես ազգային ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- նշել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։

Իտալիայում՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն իրականացվում են Վենետոյի (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։

«Վերջին բնակիչը» նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական Apricot Stone, ամերիկյան Alpha Dogs, INQ և Mօsaics Art & Cultural Foundation ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---