«Կանայք հակված չեն ծրագրավորելու». Google-ը մանիֆեստի համար աշխատանքից ազատել է իր աշխատակցին

«Կանայք հակված չեն ծրագրավորելու». Google-ը մանիֆեստի համար աշխատանքից ազատել է իր աշխատակցին

PanARMENIAN.Net - Gizmodo-ն Google-ի աշխատակիցներից մեկի գրած 10-էջանոց մանիֆեստն է հրապարակել, որում ասվում է, թե ՏՏ ոլորտում սեքսիզմի խնդիրը չափազանցված է: Ըստ հեղինակի, տղամարդկանց ու կանանց վարձատրության տարբերության մասին խոսակցություններն առասպել են, բայց նրանց միջևբիոլոգիական տարբերություններ կան, որոնք կարող են խանգարել ՏՏ ընկերություններում կանանց կարիերային ու ղեկավար պաշտոններ զբաղեցնելուն: Ընկերության ղեկավարությունն իմացել էր՝ ով է հրապարակման հեղինակը, ու ազատել նրան աշխատանքից: Այժմ նա պատրաստվում է դատի տալ Google-ին:

Այն մասին, որ Google-ում փաստաթուղթ է շրջանառվում, որը դատապարտում է ընկերության՝ հավասարության պաշտոնական քաղաքականությունը, հայտնի դարձավ օգոստոսի 5-ին: Դրա հեղինակը Google-ի ինժեներներից մեկն էր, ում անունը չէր հրապարակվում: «Google-ի գաղափարական էխո-կամերան» խորագրով մանիֆեստն ուղարկվել էր ընկերության աշխատակիցներին ներքին փոստով: Նույն օրը տեքստը հրապարակվել էր Gizmodo-ում, գրում է Meduza-ն:

Մանիֆեստի համաձայն, Google-ի քաղաքականությունը չափազանց «ձախ» է դարձել ու քաղաքականապես կոռեկտ, իսկ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն դրա հետ, փաստացի լռեցնում են: Ըստ հեղինակի, Google-ում վտանգավոր է դարձել որոշակի կարծիքներ արտահայտելը. հիմնականում դա վերաբերում է ՏՏ ոլորտում կանանց հանդեպ խտրականությանը: Նրա համոզմամբ, ընկերությունն իզուր է փորձում «վերևից» լուծել այդ խնդիրը, իսկ որոշ որոշումներ (օրինակ՝ կանանց համար հատուկ ծրագրերի ստեղծումը) իրականում խտրականություն են աշխատակիցների հանդեպ: Տեքստի հեղինակը նաև ընդգծում է, որ տեխնոլոգիական ընկերություններում իրոք հավասարության հետ կապված խնդիրներ կան, բայց, ըստ նրա, կանանց պակասը նման ընկերություններում բիոլոգիական պատճառներով է:

Հեղինակը պնդում է՝ տղամարդիկ ու կանայք տարբեր բնածին նախասիրություններ ու հմտություններ ունեն: Օրինակ, «կանանց ավելի շատ հետաքրքրում են մարդիկ, քան իրերը», նրանք նախընտրում են աշխատել հասարակական կամ գեղարվեստական ոլորտներում, իսկ տղամարդիկ ավելի հակված են համակարգելուն կամ ծրագրավորելուն:

Արդեն օգոստոսի 6-ին, ԶԼՄ-ներում մանիֆեստի հրապարակումից հետո, ընկերության աշխատակիցները նամակ ստացան Google-ի բազմազանության ու ներքին քաղաքականության գծով նոր փոխտնօրեն Դանիելա Բրաունից, որտեղ նա նշում էր՝ ընկերությունը չի կիսում իր աշխատակցի հայացքները, չի աջակցում դրանց ու բերված հիփոթեզները սխալ է համարում:

Նույն օրը հայտնի դարձավ մանիֆեստի հեղինակի անունը: Պարզվեց, որ դա Հարվարդի շրջանավարտ ու երիտասարդների շրջանում շախմատի նախկին չեմպիոն Ջեյմս Դեյմորն է, որը Google-ում աշխատում էր 2013 թվականից: Նա ազատվեց աշխատանքից:

Ավելի ուշ Դեյմորը The New York Times-ին հայտնեց, որ պլանավորում է դատի տալ ընկերությանն ու կարծում է, որ իրեն անօրինական են պաշտոնանկ արել: Ըստ նրա, իր մանիֆեստով Դեյմորը «ազնիվ քննարկման» կոչ էր անում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---