Հուրգադայում վիրավորված հայ կնոջ վիճակը բարելավվել է. ՀՀ տեղափոխման հարցը դեռ չի քննարկվել

Հուրգադայում վիրավորված հայ կնոջ վիճակը բարելավվել է. ՀՀ տեղափոխման հարցը դեռ չի քննարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում դեպքի հետևանքով վիրավորված հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Հուրգադայում հուլիսի 14-ին ահաբեկչություն էր եղել, որի ընթացքում տուժել էր ՀՀ 2 քաղաքացի: Նրանցից մեկը վիրավորվելուց հետո դիմակայել էր ահաբեկչին՝ օգնելով կասեցնել ու ձերբակալել նրան։ Վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկի բուժման համար Եգիպտոս բժիշկ էր գործուղվել:

Պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին, 46-ամյա կնոջ վիճակը գնահատվել է կայուն ծանր` համապատասխանող ստացած վիրավորումներին և տարած վիրաբուժական միջամտություններին (3 անգամ իրականացվել է որովայնահատում)։ Ստացված 18 վիրավորումից 3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։

Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ, հայտնում են ԱՆ մամուլի բաժնից։

Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երևույթները նկատելի պակասել են։

«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքով արյունահոսության ֆոնի վրա որոշակի արյան մակարդուկներ ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500 մլ լեղային արտադրություն»,- ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկն ընդգծել է, որ հիվանդը գտնվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության և հյուպատոս Ստեփան Գևորգյանի մշտական ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով, հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---