ՄԱԿ. Եմենում մոտ 400.000 մարդ խոլերայով է վարակվել

ՄԱԿ. Եմենում մոտ 400.000 մարդ խոլերայով է վարակվել

PanARMENIAN.Net - Եմենում խոլերայի վարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր շրջաններում. ավելի քան 400.000 մարդ արդեն վարակակիր է: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ը հայտնում է, որ Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի 22 շրջաններից բոլորում, բացի մեկից: Վարակի կասկածանքով ավելի քան 480.000 դեպք է գրանցվել, մոտ 2000 մարդ արդեն մահացել է դրանից, ինչպես նաև դիարեայի հետ կապված այլ հիվանդություններից»,- նշել է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Դյուժարիկի խոսքով, վերջին մի քանի շաբաթում համաճարակի տարածման տեմպերը նվազում էին, բայց մտավախություն կա, որ երկրում անձրևների սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ դրանք կարագանան: Ըստ Դյուժարիկի, երկրում առողջապահության ոլորտի աշխատակիցները գրեթե չեն վարձատրվում, բացի այդ՝ մոտ 8,8 մլն մարդ բնակվում է շրջաններում, որտեղ հիվանդանոցների ու բժշկական կետերի պակաս կա:

ՄԱԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ կազմակերպության գործակալությունները միջոցներ են ձեռնարկում համաճարակի դեմ պայքարելու համար. Եմենում խոլերայի բուժման ավելի քան 200 կենտրոն է բացվել: Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ինքնաթիռները սկսել էին մայրաքաղաք Սանա դեղորայք ու հումանիտար օգնություն մատակարարել: Միաժամանակ, Դյուժարիկը հայտնել է, որ համաշխարհային կազմակերպությունը ֆինանսական միջոցների պակաս ունի վտանգավոր հիվանդության դեմ պայքարի համար: Ըստ նրա, այդ նպատակով պահանջված $254 մլն-ից դոնորները ՄԱԿ-ին 50%-ից էլ պակաս էին փոխանցել:

Եմենում 2014-ի օգոստոսից կառավարական ուժերը կռվում են ապստամբ հուսիտների դեմ: ՄԱԿ-ը մշտապես ահազանգում է երկրում աղետալի վիճակի մասին. ըստ վերջին գնահատականների, մոտ 20 մլն տեղացի՝ երկրի բնակչության մոտ 70%-ը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին փախստականների թիվը գերազանցում է 3 մլն-ը: Եմենի 7 մլն բնակիչ սովահարության եզրին է, մոտ 2 մլն երեխա տառապում է ուտելիքի սուր բացակայությունից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---