ԱԱ 2019. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիային (վիդեո)

ԱԱ 2019. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիային

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 2019-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի 5-րդ տուրում 70:93 հաշվով պարտվեց Շվեդիայի հավաքականին: Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Շվեդիայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները:

«Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավականին կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում թույլ տվեց այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ: Ցավոք, չդիմացանք այդ ճնշմանը։ Գնդակի 19 կորուստ ենք ունեցել»,- ասել է մարզիչը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարզիչի խոսքով, հավաքականը բավականին անհաջող է իրացրել նաև տուգանայինները։

«Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր»,- նշել է նա:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ ընդունելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Խմբից դուրս գալու մեր ընտրանին շանս դեռ ունի, և դրա համար անհրաժեշտ է հաղթել բոսնիացիներին:

«Շվեդիան հաղթեց և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»,- ասել է Բավցևիչը։

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին՝ ժամը 20։00-ին։ Մուտքն ազատ է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---